Գերմանիայում հայտարարել են «Հյուսիսային հոսքեր»-ի պայթեցման գործով հնարավոր ձերբակալությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի իշխանություններն արտոնել են «Հյուսիսային հոսք» գազամուղները պայթեցնողների ձերբակալությունը: Այդ մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը:

Նա նշել է, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազամուղները պայթեցնելու գործի հետաքննության շրջանակներում դուրս է գրվել ձերբակալության մի քանի օրդեր:

«Դա սովորական գործընթաց է սահմանադրական երկրում: Տրվել են օրդերներ, այնուհետև կլինի դատավարություն, որի ավարտին կկայացվի վճիռ»,- հայտնել է Հեբեշտրայտը: Նա նշել է, որ հետաքննությունն իրականացվում է Գերմանիայի գլխավոր դատախազության իրավասության ներքո։

Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հաղորդել էին միայն մեկ օրդերի առկայության մասին, որում նշված է Ուկրաինայի քաղաքացու անունը: Սակայն, մամուլի տվյալներով՝ կասկածյալը հասցրել է մեկնել Գերմանիայից, այնուհետև Ուկրաինայի դեսպանատան մեքենայով հեռանալ նաև Լեհաստանից: ԶԼՄ-ներից մեկը նաև հրապարակել է մի լուսանկար, որում պատկերված անձն անչափ նման է կիևցի ջրասուզակ Վլադիմիր Ժուրավլյովին: Հաղորդվում է նաև, որ նրան աջակցել է ամուսնական զույգ։

2023 թվականի փետրվարի 8-ին ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը, հիմնվելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ 2022 թվականի հունիսին ռուսական գազատարների տակ պայթուցիկ սարքերը տեղադրել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ջրասուզակները, որոնց աջակցել են նորվեգացի մասնագետները։ Հերշի տվյալներով՝ գործողության վերաբերյալ որոշումը կայացրել է անձամբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: Ավելի ուշ Պենտագոնից РИА Новости գործակալությանը հայտնել էին, որ ԱՄՆ-ը որևէ առնչություն չունի ռուսական գազատարների պայթեցմանը:

Ռուսական գազատարները պայթեցվել են 2022 թվականի սեպտեմբերի 26-ին: Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակային դիվերսիաները։




Լրահոս