Հանցագործությունների թվով առաջին մարզը Արմավիրն է․ ինչպիսին է վիճակագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վիճակագրական կոմիտեից ArmLur.am-ը ստանում է տվյալներ, ըստ ծանրության գրանցված հանցագործությունների քանակի մասին, որոնք գրանցվել են ՀՀ մարզերում և Երևան քաղաքում 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին։

ՀՀ-ում հաշվետու տարվա ընթացքում արձանագրվել է 21 հազար 241 դեպք։ Հանցագործությունների դեպքերը Երևանում կազմել են 9 հազար 436։

Մարզերից հանցագործությունների թվով առաջինը Արմավիրի մարզն է՝ 2 հազար 043 դեպքով։

Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 1 հազար 725 դեպքով։
Երրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 1 հազար 533 դեպքով։
Չորրորդ տեղում Լոռու մարզն է՝ 1 հազար 482 դեպքով։

Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հանցագործությունների քանակական տվյալները, ապա կտեսնենք, որ հանցագործությունների թվերը գրեթե 1061 դեպքով կրճատվել է։

ՀՀ Գլխավոր դատախազությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ գրանցված հանցագործությունների թվային ցուցանիշների արձանագրված աճը առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ նյութերի նախապատրաստման դատավարական փուլը վերացվել է և հանցագործության մասին պատշաճ հաղորդման յուրաքանչյուր դեպքում նախաձեռնվում է քրեական վարույթ և դեպքը հաշվառվում է որպես հանցագործություն:

Այլ խոսքով, եթե մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նախապատրաստվում էին նյութեր, ինչի արդյունքում կարող էր կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում և դեպքը չհաշվառվեր որպես հանցագործություն, ապա 2022 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ հանցագործության մասին յուրաքանչյուր պատշաճ հաղորդման հիման վրա նախաձեռնվում է քրեական վարույթ և դեպքը հաշվառվում է որպես հանցագործություն:

Քրեադատավարական նման կարգավորումների արդյունքում որպես հանցագործություն են հաշվառվում բազմաթիվ այնպիսի դեպքեր, որոնց կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթներով հետագայում կայացվում է քրեական վարույթը կարճելու մասին որոշում, քանի որ վարույթի արդյունքներով հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը (օրինակ՝ հանկարծամահություններ, դժբախտ պատահարներ և այլն):

Էմմա Միքայելյան




Լրահոս