ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության պայմանագիրը ստորագրել մինչև նոյեմբեր․ ինչ է առաջարկել Երևանը՝ Բաքվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Ադրբեջանի նախագահը շարունակում է մեղադրել Երևանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ժամանակ ձգելու մեջ և նոր նախապայմաններ է դնում Հայաստանի առջև՝ Նիկոլ Փաշինյանը տարբեր բարձր ամբիոններից առիթը բաց չի թողնում հայտարարելու՝ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ:

Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է՝ Երևանը Բաքվին առաջարկել է խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները ստորագրել մինչև նոյեմբերի 29-ը։

Նա նաև հավելել է, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն և ներկա դինամիկան փոխակերպելու համագործակցության։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս Նյու Յորքում Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր, ինչին և ուղղված է եղել պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ–ի կողմից ներկայացված վերջին առաջարկը։

Չնայած հայկական կողմի՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու այս շտապողականությանը՝ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ հակառակ պարագայում Բաքուն սպառնում է խաղաղության պայմանագիր չստորագրել։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը, իսկ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս