Չնայած ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ հայտարարեց, որ արդեն երկու օր է՝ ստորագրահավաք են իրականացնում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հեռացնելու համար՝ բայց պարզվում է՝ ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը տեղյակ չէ, որ իրենց խմբակցությունում ստորագրահավաք է անցկացվում, կամ էլ, հավանաբար, անցանկալի հարցերից են խուսափում։
ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանից հետաքրքրվեցինք՝ միացե՞լ է նախարար Մինասյանի դեմ ստորագրահավաքին, ինչպե՞ս է վերաբերվում դրան, Էմմա Պալյանը, սակայն, մեր հարցերին ի պատասխան ասաց, թե տեղյակ չէ, քանի որ խմբակցությունից պաշտոնապես նման բան չեն հայտարարել, իսկ երբ ասացինք, որ իրենց թիմակից Հովիկ Աղազարյանը երեկ լրատվամիջոցներին պաշտոնապես հայտարարել է, Էմմա Պալյանը շարունակեց պնդել, որ ինքը տեղյակ չէ։
«Ես չեմ տեսել մամուլում որևէ պաշտոնական հայտարարություն, պաշտոնական կլինի այն դեպքում, երբ խմբակցությունը պաշտոնապես հանդես կգա հայտարարությամբ»,-ասաց նա։
Մեր հարցերին նման պատասխան տվեց նաև Կարեն Սարուխանյանը․
«NO comment իմ մասով, այդ մասով չեմ ուզում ոչինչ ասել, Հովիկ Աղազարյանից հարցրեք»:
Երբ հետաքրքրվեցինք՝ ինչպես է վերաբերվում Գրիգոր Մինասյանի դեմ այս նախաձեռնությանը, կամ ինչու հենց այս փուլում հիշեցին նրա պաշտոնանկության մասին, Կարեն Սարուխանյանը կրկին ասաց՝
«Ես տեղյակ չեմ»:
Էդգար Հակոբյանը և Հակոբ Ասլանյանը պատճառաբանեցին, որ քաղաքում չեն եղել այս ընթացքում։
ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը ևս տեղյակ չէր ստորագրահավաքի մասին, երբ հետաքրքրվեցինք՝ ինչպես է վերաբերվում Գրիգոր Մինասյանի աշխատանքին, կողմ է, որ հեռացնեն նրան՝ Մելքոնյանը նման պատասխան տվեց․ «Դա չեմ կարող ասել»։
Ստացվում է՝ ՔՊ-ում արդեն երկու օր է՝ ստորագրահավաք են իրականացնում, որ Արդարադատության նախարարին հեռացնեն, բայց պատգամավորներն անտեղյակ են ձևանում։
Քրիստինա Մուշեղյան