Հատկապես Ղրիմի հանրաքվեից հետո զուգահեռներ անցկացնելով Ղարաբաղի հարցի հետ` ՀՀ ու ԼՂՀ որոշ շրջանակներ ընկան ոգևորության գիրկը` չբացառելով, որ աշխարհաքաղաքական իրավիճակի որոշակի զարգացումների դեպքում հնարավոր է որպես շահեկան տարբերակ դիտարկել նաև Ռուսաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը:
Ինչպես հայտնի է, նույն շրջանակները նույնպիսի ոգևորություն ունեին նաև 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Այն ժամանակ էլ այդ նույն «քաղաքագետները»պնդում էին, թե կարճ ժամանակ անց այդ երկու չճանաչված պետությունների անկախությունը կճանաչեն Ռուսաստանից կախում ունեցող բոլոր երկրները, ուստի և` պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի առիթն օգտագործելով` Ռուսաստանը ճանաչի նաև Ղարաբաղի անկախությունը:
Ռուս-վրացական պատերազմից 6 տարի անց, սակայն, Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, բացի ՌԴ-ից, ճանաչել էր ընդամենը 6 պետություն` Վենեսուելան, Նիկարագուան, Տուվալուն, Նաուրուն և Վանուատուն: Վերջին երեքի դեպքում, իհարկե, հումորով պետք է մոտենալ պետություն ասածին, քանզի խոսքը քարտեզի վրա չերևացող երեք կղզիների մասին է:
Փաստորեն` վեց տարվա ընթացքում Ռուսաստանի քաղաքական կշիռն ու ազդեցությունը բավարարեց ընդամենը կղզյակ-պետությունների «ճանաչումը»գնելու համար: Սակայն ինչպես երեկ հայտնի դարձավ`դա էլ խիստ ժամանակավոր էր:
Նախօրեին Տուվալուն դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Վրաստանի հետ` չեղյալ է հայտարարել 2011թ. Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչելու մասին իր որոշումը:
Մինչ այդ էլ, հիշեցնենք, նման կերպ էր վարվել Վանուատուն: Իսկ սպասելիքները, որ Ռուսաստանի հորդորով Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախություն կճանաչեն նաև Կուբան, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Բելառուսը և այլ՝ քիչ թե շատ կշիռ ունեցող պետություններ, այդպես էլ մնացին չիրագործված:
Բնականաբար` Ղրիմի հանրաքվեից հետո նման բան առավել ևս տեղի չի ունենա, և Հարավային Օսիան ու Աբխազիան դատապարտված են մնալու որպես Ռուսաստանի հարավային ծայրագավառներ:Ինչ վերաբերում է Ղրիմին, երեկ հայտնի դարձավ, որ տեղի թաթարների քուրուլթայի` ազգային ներկայացուցչության մարմնի արտահերթ նիստում որոշում է ընդունվել չճանաչել Ղրիմի ռուսական անեքսիան և սկսել ազգային տարածքային ինքնավարության ստեղծման աշխատանքները:
Թաթարներն արդեն դիմել են Ուկրաինայի իշխանություններին և բոլոր միջազգային կառույցներին: Եվ կարելի է չկասկածել, որ վերջինների արձագանքը չի ուշանա:
Ահա այս ամենը նկատի առնելով` հարց է ծագում. Հայաստանի հետ Ռուսաստանի գիրկը նետվող Ղարաբաղն արդյոք երբևէ կունենա՞ միջազգային ճանաչում, թե՞ անգամ Տուվալուն արդեն մեծ շքեղություն կլինի: