Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված չափազանց լայն հայեցողության հետևանքով միևնույն կամ նման խախտում կատարած ընկերությունների նկատմամբ տուգանքի չհիմնավորված տարբեր չափեր են նշանակվում: Արդյունքում, Հանձնաժողովի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ, ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձևավորմանը:
Առկա են եղել դեպքեր, երբ Հանձնաժողովը վարույթ է հարուցել խոշոր գերիշխող դիրք ունեցող գործարարների նկատմամբ, սակայն որևէ խախտում չի հայտնաբերել: Օրինակ՝ 2013 թվականի միայն առաջին եռամսյակում իրացված շաքարավազի 99,8%-ը բաժին է հասել «Ալեքս Գրիգ» ընկերությանը, սակայն, ըստ Հանձնաժողովի, դա գերիշխող դիրքի չարաշահում չի հանդիսացել:
Չնայած հնչել են բազմաթիվ հրապարակային բողոքներ ձկնաբուծության և ձկան կերի շուկայում որոշ գործարարների գերիշխող դիրքի վերաբերյալ, այդուհանդերձ, Հանձնաժողովն այդ շուկայում ընդհանրապես ուսումնասիրություններ չի կատարել:
Իրական և լիարժեք տնտեսական մրցակցության բացակայության մթնոլորտում, Հանձնաժողովի կողմից հայտնաբերվել է ընդամենը մեկ դեպք, երբ խոչընդոտվել է նոր գործարարների շուկա մուտք գործելը:
Հանձնաժողովը, ունենալով օրենքով նախատեսված հնարավորություն, որևէ քայլ չի նախաձեռնել մանրածախ առևտրի ոլորտում ընկերությունների ոչ անհրաժեշտ միացման դեպքերը զսպելու ուղղությամբ:
Շարունակում է ցածր մնալ Հանձնաժողովի նկատմամբ հասարակության վստահությունը, ինչի մասին են վկայում Հանձնաժողովին ներկայացրած ընդամենը 68 բողոքները:
Արձանագրված դրական զարգացումները
2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մրցակցային օրենսդրության ենթադրյալ խախտումների կապակցությամբ Հանձնաժողովի կողմից հարուցվել է 165 վարչական վարույթ և վարչական վարույթների արդյունքում ընդունվել է շուրջ 200 վարչական ակտ:
Հանձնաժողովը մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Սնանկության մասին», «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր:
Բարելավվել են տեղական մրցակցության ուժգնության և հակամենաշնորհային քաղաքականության ցուցանիշները:
Պաշտպանի աշխատակազմ