ՀԱՐՑ. Եթե ես խնդիր ունեմ հարկային ծառայության աշխատակցի հետ, ապա ո՞ւմ եւ ո՞ւր կարող եմ դիմել: Լսել եմ, որ հարկայինում քաղաքացիների իրավունքների եւ պարտականությունների մասին կոնկրետ պատասխաններ են տրվում: Կխնդրեի մանրամասնել, թե բողոքների, առաջարկությունների դեպքում ուր կարող ենք դիմել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիները եւ կազմակերպությունները կարող են ՀՀ հարկային մարմիններին ներկայացնել իրենց հարցադիմումները եւ ստանալ արագ ու անվճար տեղեկատվություն` իրենց իրավունքների եւ պարտականությունների, հարկային եւ պարտադիր այլ վճարների մասին օրենսդրության եւ ենթաօրենսդրության պահանջների, ինչպես նաեւ հարկային մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց իրավասությունների եւ լիազորությունների վերաբերյալ:
Նշյալ գործընթացը կանոնակարգվում է ՀՀ ԿԱ ՊԵԿ 09.06.2010թ. N 1419-Ն հրամանով, որի տեքստին ցանկացողները կարող են ծանոթանալ ՀՀ իրավական ակտերի համապատասխան շտեմարաններից (օրինակ` www.arlis.am, www.laws.am) կամ հարկային ծառայության պաշտոնական կայքում (www.taxservice.am):
Մասնավորապես հարցադիմումները կարող են ներկայացնել դիմողի համար առավել հարմար` ներքոհիշյալ եղանակներից մեկով.
• հեռախոսակապով` զանգահարելով ՀՀ ԿԱ ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն 060 54-44-44 հեռախոսահամարով,
• էլեկտրոնային կապով` ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն [email protected] հասցեով կամ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության www.taxservice.am պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով,
• փոստային կապով` ուղղելով ազատ ոճի գրավոր նամակ իր հաշվառման վայրի հարկային տեսչություն (տեսչությունների հասցեները կարելի է ճշտել հարկային ծառայության կայքից կամ զանգահարելով ՀՀ ԿԱ ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն),
• այցելելով ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման կենտրոններ կամ սրահներ (օրինակ` ք. Երեւան, Կոմիտասի-35, ք.Վանաձոր, Տիգրան Մեծի-35) կամ իր հաշվառման վայրի հարկային տեսչության հարկ վճարողների սպասարկման համար պատասխանատու ստորաբաժանումներ:
Միաժամանակ, ցանկացողները կարող են փորձել ինքնուրույն գտնել իրենց հարցերի պատասխանները հարկային ծառայության պաշտոնական կայքի «Հաճախ տրվող հարցերի եւ պարզաբանումների շտեմարան» բաժնում, որտեղ ամփոփված եւ զետեղված են հարկ վճարողներից առավել հաճախ ստացվող բոլոր տեսակի հարցերը:
հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՊԵԿ պատասխանում ամեն ինչ համակարգված եւ ընդունելի տարբերակով է ներկայացվում, ուստիեւ այս կառույցի հետ առնչվող տնտեսվարողներին մնում է առաջարկել շարունակաբար ծանոթանալ ներկայացված կայքերում տեղադրվող ծանուցումներին, ինչպես նաեւ առիթների դեպքում զանգահարել վերը նշված հեռախոսահամարներով: