Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լիբանանը նոր թիրախ է դարձել Իսրայելի համար՝ իրագործելու իր ցեղասպանության և օկուպացիայի քաղաքականությունը։
«Լիբանանը և նրա ժողովուրդը հանդիսանում են Իսրայելի ցեղասպանության, օկուպացիայի և ներխուժման քաղաքականության նոր թիրախը: Իսրայելի դաժան հարձակումների հետևանքով վերջին շաբաթվա ընթացքում մեծ թվով լիբանանցիներ են սպանվել, այդ թվում՝ երեխաներ:
Խիղճ ունեցող ոչ ոք չի կարող ընդունել կամ արդարացնել այս կոտորածը։ Իսրայելի կառավարությունն ավելի ու ավելի անխոհեմ է գործում, քանի որ նրան ներում են շնորհում այլ տերություններ, որոնք նրան զենք և զինամթերք են տալիս այս ջարդի համար»,-գրել է Էրդողանը X-ում:
Նրա խոսքով՝ «Իսրայելը մարտահրավեր է նետում ողջ մարդկությանը, մարդկային արժեքներին և միջազգային իրավունքին»։
«Գազայում և Ռամալլայում իր վարած խելագարության քաղաքականությունը դեպի Լիբանան և տարածաշրջանի այլ երկրներ տարածելու Իսրայելի փորձերը պետք է դադարեցվեն։ Մենք կոչ ենք անում բոլոր կառույցներին և բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, որոնց պատասխանատվությունը գլոբալ խաղաղության, կայունության և անվտանգության ապահովումն է, և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, շտապ միջոցներ ձեռնարկել»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Նա նաեւ ընդգծել է, որ «իսլամական աշխարհը պետք է ավելի վճռական դիրքորոշում ընդունի այդ հարձակումների դեմ»։
«Թուրքիան կշարունակի աջակցել Լիբանանի ժողովրդին և կառավարությանը այս դժվարին օրերին: Մենք դատապարտում ենք Իսրայելի այս անմարդկային հարձակումները Լիբանանի վրա և ցավակցում մեր բոլոր լիբանանցի եղբայրներին»,- ասել է Էրդողանը: