Ինչպես արդեն հայտնել էինք, Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով ամբաստանյալներ Բագրատ Մուրադյանի և Արմեն Խաչատրյանի պաշտպան Աննա Ջուվանովան միջնորդություն էր ներկայացրել իր վստահորդների խափանման միջոցը փոխելու համար` նշելով, որ դատավորի կողմից անփոփոխ թողնելու փաստը վկայում է այն մասին, որ դատավորի կողմից վերջինս խախտում է կոնվենցիայով բխող հարցը:
Արա Զաքարյանը ևս միացավ միջնորդությանը` նշելով, որ դատարանը պարտավոր է անդրադառնալ այս փատին:
«Հարգելի դատարան, խնդրում ենք բացատրել, թե ինչու՞ եք շարունակում ամբաստանյալներին թողնել կալանքի տակ: Պատճառաբանված դատական ակտ ենք ուզում»,- ասաց Զաքարյանը:
Մյուս պաշտպանները նույնպես միացան Ջուվանովայի միջնորդությանը: Իսկ դատախազն ասաց, որ միջնորդությունը անհիմն է և ենթակա է մերժման:
«Հափշտակությունը կատարվել է պայմանավորվածությամբ և կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, ինչպես նաև անդամների սերտ համագործակցության կազմով, հետևաբար ամբաստանյալներին պետք է կալանքի տակ թողնել: Գտնում եմ, որ պաշտպանի բերած պատճառաբանություններն անհիմն են և չեն բխում Քրեական օրենսգրքի դրույթներից»,- հիմանվորեց դատախազը:
Ջուվանովան հայտարարություն ներկայացրեց, որ մեղադրող կողմը չի ընկալել իր հիմնավորումները:
«Մենք գտնվում ենք դատավարության փուլում, իսկ Ձեր կողմից ներկայացված միջնորդությունները վերաբերում են նախաքննության փուլին»,- ասաց պաշտպանը:
Իսկ Զաքարյանը նշեց, որ մեղադրողը կամ չի իմանում ինչի մասինէ խոսքը, կամ ցանկանում է մոլորության մեջ գցել դատարանին: «Եթե պաշտպանը շփոթված ազատության մեջ գտնվող մեղադրյալի անունը տար, ապա դատախազը կասեր նույն պատճառաբանությունը` առանց լսելու մեղադրյալի անունը»,- ասաց Զաքարյանը:
Դատարանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել և դրան անդրադառնալ այն բանից հետո, երբ կհարցաքննվեն երկու վկաները:
Նիստերի դահլիճ հրավիրվեց վկա Արմեն Հովսեփյանը: Վերջինս հայտնեց, որ ինքը իր մորաքրոջ կողմից է եկել, ով հիմա արտասահմանում է: Նա հայտնեց, որ իր մորաքրոջ կենսաթոշակը չի ստացվել վերջինիս կողմից և ինքը տեղյակ չէ, թե ով է ստացել այն: Վկան նաև համոզմունք հայտնեց, որ մորաքույրը չէր կարող որևէ մեկին լիազորել կենսաթոշակը ստանալու համար:
Զաքարյանը հարցրեց վկային` արդյոք նա նախաքննությանը հայտնել է, որ իր մորաքույրը 1997 թվականից Հայաստանում չէ, ինչին վկան պատասխանեց, որ նախաքննությանն իրեն դրա մասին չեն հարցրել` հավելելով, որ 10 տարուց ավելի իր մորաքույրը Հայաստանում չէ:
Հաջորդ վկան` Լևոն Մինասյանը, իր ցուցմունքում նշեց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում: Վկայի թոշակառու տատն ու պապը ավելի քան 10 տարի Հայաստանում չեն եղել, իսկ 2007 թվականի ամռանը եկել են, բայց իրենց թոշակը չեն ստացել: Հետո երբ պապը որպես տուրիստ է եկել Հայաստան, ստացել է իր թոշակն այնքան, որքան պետք է ստանար:
Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց, որ լսվի վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ կան էական հակասություններ նախաքննական և դատաքննական ցուցմունքներում: