Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) օպերացիաների գծով հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Աբբաս Նիլֆորուշանը սպանվել է Բեյրութում նախօրեին հասցված հարվածի արդյունքում։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ չհայտնելով մանրամասներ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես հաստատել էր, որ շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան սպանվել է ուրբաթ օրը՝ Բեյրութի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման արդյունքում։
Ավիահարվածը տեղի է ունեցել նախօրեին «Հեզբոլլահի» ղեկավարության հանդիպման ժամանակ, որին կարող էր մասնակցել Նասրուլլան։ Ինչպես հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրները, շիա կազմակերպության կենտրոնակայանի վրա հարձակման ժամանակ հզոր ավիառումբեր են օգտագործվել բունկերները ոչնչացնելու համար։ Օդային գրոհի վայրի մոտակայքում առնվազն վեց շենք է փլուզվել: Նախնական տվյալներով՝ կան զոհեր, տասնյակ վիրավորներ։