Անցած տարվա ընթացքում Ադրբեջանը և Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում ուղիղ բանակցությունների միջոցով։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ առաջընթացը վերաբերում է խաղաղության պայմանագրի մշակմանը, պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումներին։ Նա կարևորել է մի շարք գործոններ, որոնց իրականացումը կարագացնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Կարգավորման գործընթացն ավարտելու համար Հայաստանը պետք է սահմանադրական փոփոխությունների միջոցով մեկընդմիշտ օրինական կերպով հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից։ Սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցում Հայաստանի անհետևողականությունը, ռազմական բյուջեի կտրուկ ավելացումը, ինչպես ավանդական, այնպես էլ նոր մատակարարներից մեծ քանակությամբ հարձակողական զենքի ձեռքբերումը, ինչպես նաև հակամարտությամբ պայմանավորված հնացած նարատիվներն ու կառույցները պահպանելու փորձերը խարխլում են կարգավորման գործընթացը: «Մասամբ խաղաղությունը» տարբերակ չէ: Այս կրիտիկական պահին Ադրբեջանը կոչ է անում արագ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու խոչընդոտները և կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու համար»,- ասել է նա։