Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ, ստեղծված բարդ իրավիճակով պայմանավորված, սպասվում է երկրից մոտ 1 միլիոն մարդու տեղահանում:
Ինչպես փոխանցում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը Նաջիբ Միքաթին նշել է, որ կառավարությունն իր սահմանափակ ռեսուրսների սահմաններում անում է հնարավոր ամեն ինչ՝ հաղթահարելու համար աճող ճգնաժամը, որի ֆոնին սպասվում է, որ մոտ մեկ միլիոն մարդ կտեղահանվի, ինչն ամենամեծ տեղահանությունը կլինի Լիբանանի պատմության մեջ:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր օգնություն ցուցաբերողներին, սակայն խոստովանել, որ տեղահանվածների թիվը զգալիորեն աճել է։
Միքաթին ընդգծել է, որ Լիբանանը չի հանդուրժի իր ճանապարհների անվտանգության խախտումները և անհրաժեշտ քայլեր կձեռնարկի մասնավոր սեփականությունը պաշտպանելու համար։
Բացի այդ, որոշումներ կկայացվեն այս դժվարին ժամանակներում սպառողների պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ:
Կարևորելով Լիբանանում տիրող բարդ իրավիճակը՝ հանրապետության կառավարության ղեկավարը կոչ է արել հավաքական ջանքեր գործադրել՝ հումանիտար, դիվանագիտական և անվտանգության մակարդակներում առկա ճգնաժամերը հաղթահարելու համար։ Նա վերահաստատել է ՄԱԿ-ի 1701 բանաձևի իրագործման անհրաժեշտությունը և նշել, որ բանակը պատրաստ է նպաստել դրան։