Լիբանանյան «Հեզբոլլահ»-ի խորհուրդը խմբավորման նոր գլխավոր քարտուղար է նշանակել Հաշեմ Սաֆիեդդինին։ Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Հաշեն Սաֆիեդդինը զբաղեցնում էր «Հեզբոլլահ»-ի գործադիր խորհրդի ղեկավարի պաշտոնը և խմբավորման հրամանատարական շղթայում երկրորդն էր։
Նա գլխավոր քարտուղարի պաշտոնում կփոխարինի իսրայելական հարվածի հետևանքով Բեյրութում զոհված Հասան Նասրալլահին: Սաֆիեդդինը Նասրալլահի ազգականն է՝ մորաքրոջ կամ քեռու որդին, ինչպես նաև Իրաքում ամերիկյան ավիահարվածից սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի փեսան։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահին թիրախավորող հարվածի ընթացքում սպանվել է խմբավորման ավելի քան 20 բարձրաստիճան հրամանատար։