Ասիայում կրքերը չեն հանդարտվում, պատերազմի արկերը չեն դադարում պայթել։
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել մի շարք թիրախների Լիբանանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ երկրի արևելքում գտնվող Բեքաայի հովտում: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։
Ըստ Telegram-ում տարածված հայտարարության՝ ռմբակոծվում են Բեքաայի հովտում շիաների «Հըզբոլահ» կազմակերպությանը պատկանող օբյեկտները։ Իր հերթին Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել է, որ ավելի քան 10 մարդ է զոհվել Բեքաայի հովտի Հերմել քաղաքում իսրայելական ավիահարվածներից։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ կան մեծ թվով վիրավորներ։
Մեկ այլ հայտարարության համաձայն՝ կործանիչ ինքնաթիռները Լիբանանի տարածքում «Հըզբոլահ»-ին պատկանող տասնյակ թիրախների են հարվածել, այդ թվում՝ «արձակման կայանքների, որոնց նշանառության տակ էր Իսրայելի տարածքը, շենքերի, որտեղ պահվում էին զենքեր, և ահաբեկչական ենթակառուցվածքների»։
Ըստ Լիբանանի իշխանությունների՝ սեպտեմբերի 29-ին իսրայելական ավիահարվածներից առնվազն 105 մարդ է զոհվել։ Իսկ ընդհանուր առմամբ, վերջին օրերին զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է։ Ըստ Լիբանանի կառավարության՝ տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։
«Իսրայելի հարձակումների պատճառով փախստականների թիվը կարող է հասնել 500 հազարի», -ասել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին։
Լիբանանի տարածքի ռմբակոծությունների մեկնարկից օրեր անց իսրայելցիները բաց տեքստով հայտարարում են՝ օդային հարվածներին հետևելու է ցամաքային հարձակումը։ Այս մասին նախօրեին, առաջնագիծ կատարած այցի ժամանակ, հայտարարում էր Իսրայելի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան