ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 30-ին հրավիրել է ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների արտակարգ հանդիպում տեսակոնֆերանսի ձևաչափով ՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։
Bloomberg-ը, վկայակոչելով Բորելի գրասենյակի տարածած հայտարարությունը, հաղորդում է, որ ԱԳ նախարարները կքննարկեն նաև Լիբանանում, այդ թվում՝ Բեյրութում Իսրայելի իրականացրած ավիահարվածները, «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահի սպանությունը։
ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելի ժամանակով ժամը 17:00-ին։
Սեպտեմբերի 23-ից Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ: Հայտարարված նպատակն է անվտանգ պայմանների ստեղծումը հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ այնտեղ։
Ըստ Լիբանանի իշխանությունների՝ իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է, տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։