Թուրք երկրպագուները Ֆրանսիայում հարձակվել են «Homenetmen Valence»-ի հայ ֆուտբոլիստների վրա : «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆրանսիական Nouvelles Armenie պարբերականը:
Շրջանային առաջնության շրջանակներում սեպտեմբերի 29-ին հայ համայնքի ներկայացուցիչներից բաղկացած «Homenetmen Valence» -ն հերթական հանդիպումն է անցկացրել տեղի թուրքական համայնքը ներկայացնող «FC Turquoise»-ի հետ: Առաջին խաղակեսից հետո, երբ «Homenetmen Valence»-ն հաղթում էր 2:0 հաշվով, թուրք երկրպագուները ներխուժել են խաղադաշտ` հարձակվելով հայ ֆուտբոլիստների վրա: Այս պահին հայ ֆուտբոլիստներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան Քրիստոֆեր Բյուիսոնը X-ի իր միկրոբլոգում ևս մեկնաբանել է միջադեպը.
«Շրջանային ֆուտբոլային հանդիպման ժամանակ թուրք երկրպագուները, դժգոհ լինելով իրենց «FC Turquoise» թիմի` 2:0 հաշվից պարտությունից` դանակներով հարձակվել են հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստների վրա: Սա կոչվում է հարձակում` ռասսայական հողի վրա»: