2023 թվականի հոկտեմբերի 4-ի Ազգային Ժողովի նիստում Նիկոլ Փաշինյանն, ընդդիմադիրներին «Եռաբլուր լացողներ…..» անվանելով, շարունակեց․ «Եռաբլուրի տարածքները սեփականաշնորհել էիք։ Էդ դուք չեք Եռաբլուրի վրա Lexus-ներ ու Toyota-ներ սարքողները»։
Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի նախընտրական քարոզարշավի և 2018 թվականի հեղափոխության ժամանակ հայտարարում էր, որ դադարելու են շինարարությունները Եռաբլուրի տարածքում, ապօրինի շինթույլտվություններ չեն տրվելու։
Բանն այն է, որ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Եռաբլուրի տարածքում կռունկ է վեր խոյանում և «Ռենկո» ընկերությունը մեծամասշտաբ շինարարություն է իրականացնում։
«Ռենկո» ընկերությունը իտալական շինարարական կազմակերպություն է, գլխավոր տնօրենը Ջովաննի Ռուբինին է, ով 2017 թվականից մեծ ներդրումներ է կատարել Հայաստանի էներգետիկ համակարգում՝ գրեթե 270 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։
Համաձայն civilnet.am-ի՝ «Ռենկո»-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2000-ականների սկզբից։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Իտալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Պորտուգալիայում, Կոնգոյում, Մոզամբիկում, Անգոլայում, Ալժիրում։ Ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի կառուցապատմամբ, հյուրանոցային համալիրների կառուցապատմամբ ու շահագործմամբ, էներգետիկ ոլորտով։
Երևանում «Ռենկո»-ն կառուցել է DoubleTree by Hilton հյուրանոցը, Երևան հյուրանոցը (Grand hotel Yerervan), կառուցել է Երևանի կենտրոնում գտնվող «Պիացցա գրանդե» A դասի բիզնես կենտրոնը, «Կոնգրես» հյուրանոցը։
civilnet.am-ը գրում է նաև, որ «Ռենկո»-ին Հայաստանում պատկանում է նաև «Արմենիա ջեստիոնե» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մաքրության, այգեգործության ծառայությունների մատուցմամբ՝ առևտրային ու բնակելի տարածքների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան