Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի բուժանձնակազմն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի բուժաշխատողները ArmLur.am-ին ահազանգում են, որ հիվանդանոցի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը ստիպում է հավելյալ աշխատել՝ 17:45-ի փոխարեն մինչև 18:45, որի համար հավելյալ չեն վարձատրվում աշխատակիցները:

«Այսինքն ապօրինի աշխատացնում են մեզ: Ես գիտեմ, որ քաղաքապետարան այս հարցով անընդհատ բողոքներ է գնացել, անօրինական մեզ 1 ժամ ավել պահելու համար»,- նշում է բուժաշխատողներից մեկը:

Սրանից բացի կան նաև մի շարք այլ խնդիրներ՝ դրանցից մեկն այն է, որ աշխատակիցներին արձակուրդի համար չեն վարձատրում,  ամենուրեք տեսախցիկներ են տեղադրված, այդ թվում և զննման սենյակում, որտեղ արգելվում է: Մեկ այլ խնդիր էլ այն է, որ հարազատները երբ գալիս են հիվանդին տեսակցության, վերև բարձրանալու համար պահանջում են 3000 դրամ վճարել, ինչի հետևանքով էլ մի շարք սկանդալներ են եղել:

«Հիմա մորգի կողքին՝ հիվանդանոցի բակում, Art Lunch են բացել ու բոլորին ասելու են՝ գնացեք այնտեղ սնվեք, այստեղ չսնվեք: Ստեղ լրիվ սարքել են ճորտատիրական վիճակ: Մենք անգամ մտածում ենք, որ մեզ դիտավորյալ է երկար պահում, որ գնանք էնտեղ հաց ուտենք, բայց նենց կոպեկներ է տալիս, որ էդ կոպեկներով ոչ ոք չի գնա ընդեղ: Հենց ասում ենք «աշխատավարձ», դառնում ենք թշնամի»,- նշում է ArmLur.am-ի հետ զրուցող բուժաշխատողը:

Նրա խոսքով՝ տնօրենը շատ աշխատակիցների հեռացրել է աշխատանքից հենց գումարի համար, ովքեր պահանջել են աշխատավարձի բարձրացում, նրանց նույնպես հեռացրել է աշխատանքից:

Աշխատակիցներից մեկը պնդում է, որ հիվանդանոցի տնօրենը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընկերն է:

«Անգամ Ավինյանն է ստեղ շատ հաճախ լինում, նրա ախպերը»:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն մեզ չհաջողվեց: Ընդունարանից ասացին, որ կկապվեն մեզ հետ, սակայն այդպես էլ ոչ մի արձագանք չեղավ:

Արձագանքի դեպքում պատասխանը կհրապարակենք ավելի ուշ:

Էմմա Մարտիրոսյան

 

 




Լրահոս