Բացահայտ հանցանք որակված գործին, որն անմիջական առնչություն ունի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, այդպես էլ պատշաճ պատասխան չեն տալիս։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, նշանակվելով ՀՀ բարձր պաշտոնի, որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել, բայց կրթական ողջ գործընթացը խիստ կասկածահարույց է: Նա պրակտիկա է անցել իր ղեկավարած հիմնարկությունում, ինչը, ըստ մասնագետների, քրեական բնույթի հանցագործություն է: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով դիմեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որը Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցերին ավելի շատ է լինում, քան տիրապետում է սեփական ոլորտի խնդիրներին։ ԿԳՄՍՆ-ից ստացանք հետեւյալ պատասխանը. «Համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը իր իրավասությունների եւ ակադեմիական ազատությունների շրջանակում ինքնուրույն է ուսումնական գործընթացի (այդ թվում նաեւ նրա անբաժանելի մասը կազմող պրակտիկաների) կազմակերպման եւ սովորողների ընթացիկ ատեստավորման ձեւերի, կարգի եւ պարբերականության ընտրության հարցերում: Բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ուսանողների պրակտիկան կազմակերպվում է տվյալ հաստատության կողմից հաստատված կարգի համաձայն: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ Ձեր հարցումն ուղղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն՝ որպես հայցվող տեղեկատվության տնօրինողի», – ասված էր գրությունում։ Հետաքրքիրն այն է, որ հենց հարցման մեջ նշել էինք, որ ԳԱԱ-ին եւս դիմել էինք խնդրի վերաբերյալ, սակայն Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը մոտ 2 էջ հիմնավորում էր ուղարկել, որ բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Առաքելյանի ուսումնական գործընթացի մասին որեւէ տեղեկություն չի կարող տրամադրել, քանի որ դրանք անձնական տվյալներ են:
ԳԱԱ-ի համար անձնական տվյալ է, ԿԳՄՍՆ-ի համար՝ անհասանելի. իսկ կրթությունը մեր բոլորի աչքի առջեւ հեղինակազրկվում է, պղծվում՝ դառնալով անիմաստ ժամանակի կորուստ: Հարցական է՝ բացի դպրոցների դասապրոցեսը, դասագրքային ոլորտը «պայթեցնելուց», Ժաննա Անդրեասյանի ղեկավարած հաստատությունը որեւէ այլ բանով զբաղվո՞ւմ է։ «Նախկինների» օրոք, երբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, գիրք էր հեղինակում, թեկնածուական պաշտպանում, քննադատվում էր (որ լավ փնտրենք՝ Ժաննա Անդրեասյանն ու իր ամուսինն էլ ծաղրած կլինեն այդ փաստը), հիմա ինչպե՞ս է թույլ տալիս՝ իր նախարար եղած տարիներին պետական պաշտոնյաները պղծեն կրթական համակարգը: Մարդ, որ տարրական գրագիտության պրոբլեմ ունի, ազգային ակադեմիա է ավարտում, իսկ կրթության պատասխանատուն խոր անտարբերության մեջ է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը Անկախության օրվա առթիվ «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել։ Նկատենք, որ նա, չնայած դատարանում վկաների հարցաքննության փուլից է ներգրավվել այդ քրեական գործին, քանի որ Աննա Վարդապետյանը հեռացրել էր համակարգից մեղադրող նախկին դատախազ Արսեն Մարտիրոսյանին, բայց իշխող քաղաքական թիմը, անկախ գործի ելքից, Էդգար Արսենյանին «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի 33 ամյակի առթիվ, հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով գլխավոր դատախազության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են տարբեր մեդալներով:
Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը վիժեցրել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման եւ արցախահայերի էթնիկ զտման օրը՝ սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախյան պատերազմի տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 18-ին, Արցախի պատգամավորները փորձել են Արցախի ԱԺ նիստ հրավիրել, իսկ օրակարգային միակ հարցը եղել է սեպտեմբերի 19-ը արցախահայերի դեմ իրականացվածը ցեղասպանության օր հռչակելը: Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական պատգամավորները, սակայն, նիստին չեն եկել ու քվորում չեն ապահովել, ինչի պատճառով նախաձեռնությունը տապալվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով. «Անհասկանալի է՝ ինչու այդ խմբակցության պատգամավորները չներկայացան նիստին, պատճառները հայտնի չեն, ընդ որում՝ իրենց պատգամավորներից մեկը նախագծի համահեղինակն է: «Միասնական հայրենիք»-ից միայն ԱԺ փոխնախագահ Գագիկն Բաղունցն էր ներկա, ով եկել էր նիստը անցկացնելու համար, բայց 17 պատգամավոր չհավաքվեց, քվորում չեղավ»,- ներկայացրեց Արցախի ԱԺ պատգամավորը: «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Արցախի ԱԺ-ն հիմա ունի 32 պատգամավոր, մեր խմբակցությունը 8 պատգամավոր ունի, իսկ 17 պատգամավորի ներկայության դեպքում կարող էին քվորում ապահովել. ո՞ւր էին մյուս պատգամավորները: Իհարկե, կարելի է ամեն ինչ «Միասնական հայրենիքի» վրա բարդել…. Թող իրենք հավաքվեն, 17 պատգամավորով քվորում ապահովեն: Ես տեղյակ էլ չեմ եղել, որ նիստ է լինելու, կարող է զանգել են, ես չեմ նկատել», – ասաց նա:
«Ժողովուրդ» օրաթերթին խիստ ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել օրերս մեծ «շուքով» բացահայտված իշխանության յուրացման գործով։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իշխանությանը հեռացնելու համար հավաքագրված անձանցից ոմանք իրենց հետ կատարվածի մասին, թե իբր գումարի դիմաց իրենց տարել են վարժանքների, որ «հետո իշխանությանը մաքրեն», պատմել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Սյունեցի պատգամավոր Խաչատրյանը, լսելով տեղեկությունը, այն հասցրել է ուժային կառույցներին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այն անձինք, ովքեր կատարվածի մասին անձամբ պատմել են ՔՊ պատգամավորին, նրանց խոստացել են քրեական պատասխանատվության չենթարկել, գործերը կարճել։
Այս տեղեկությունը «Ժողովուրդ օրաթերթը փորձեց պարզել ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանից, սակայն նա չարձագանքեց մեր զանգերին, եւ երկար ժամանակ է՝ անպատասխան է թողնում մեր նամակները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ.-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս.-ն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռեւս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի (մոտ 840 հազար ՀՀ դրամ) վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու եւ դրա ընթացքում նոր՝ ծանր զինատեսակներին ծանոթանալու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների եւ Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների, հավաքագրված անձանց տեղակայել են Ա.Ս.-ի ղեկավարմամբ գործող «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ փակ տարածքում՝ շենքի ներսում, անցկացրել են վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով մարտ վարելու պարապմունքներ։ Սակայն, ըստ նախաքննական մարմնի, հավաքագրված խմբի շատ անդամներ հետագայում հրաժարվել են հեղաշրջման գաղափարից եւ ընդդիմացել են։
Գործով կալանավորված են 3 անձինք, որոնց մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, ինչպես նաեւ կան հետախուզվողներ։