ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՌԱԲԼՈՒՐ ՉԱՅՑԵԼԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի՝ սեպտեմբերի 22-ին, Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը, որին մասնակցել են Սրբազան պայքարի աջակիցները:

 

Մարզահամերգային համալիրի դիմաց «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

-Պարո՛ն Ղուլյան, սեպտեմբերի 19-ին լրացավ Արցախի հայաթափման մեկ տարին: Այդ օրը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք այդպես էլ չայցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու. սա ի՞նչ էր: Փորձում են մոռացությա՞ն տալ եւ փակե՞լ Արցախի էջը:

-Երեւի ճիշտ կլինի իրենց հարցնել, քանի որ դա որեւէ առողջ տրամաբանության ենթակա չէ: Սա նույն դիրքորոշման շարունակությունն է՝ ինչ եղել է այս մեկ տարվա ընթացքում: Երեւի զարմանալու բան էլ չկա:

-Ինչ Արցախի իշխանությունները տեղափոխվել են այստեղ, փորձե՞լ են կապ հաստատել Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ, նրանց միջեւ որեւէ հանդիպում եղե՞լ է այս ընթացքում:

-Հստակ ասել չեմ կարող, ճիշտ կլինի իշխանության անդամներին հարցնել: Որքան հիշում եմ՝ Արցախի նախագահը վերջին շրջանում երկու անգամ խոսել է այդ մասին՝ նշելով, որ որեւէ շփում կամ հանդիպում չի եղել:

-Պարո՛ն Ղուլյան, Արցախի պատգամավորները հայտարարել էին, որ սեպտեմբերի 18-ին փորձել են նիստ գումարել եւ ամսի 19-ը հռչակել Ցեղասպանության օր, սակայն Սամվել Բաբայանի կուսակցությունը տապալել է դա. որեւէ տեղեկություն ունե՞ք սրա վերաբերյալ:

-Անմիջապես հաստատել կամ հերքել չեմ կարող, նյութին տեղյակ եմ Ձեզ պես՝ մամուլից: Գիտեմ, որ նման փորձ եղել է, բայց թե ինչու նիստը չի կայացել եւ ինչ պատճառաբանություններով, տեղյակ եմ մամուլում տեղ գտած լուրերից: Գաղափարը, որ Արցախի հայաթափումը պիտի տեղ ունենա մեր կյանքում, փաստ է, քանի որ այդ նույն տեղահանվածները, որոնց մի ստվար հատված էլ ապրում է Երեւանում շարունակում է ապրել այդ ծանր հիշողությունների ներքո, եւ դրան որեւէ կերպ չարձագանքելը ճիշտ չէ:

Հիշեցնենք, որ կիրակի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած մեծ հավաքը:

Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ավելի վաղ հայտարարել էր, որ սա կարեւոր հավաք է եւ կոչ էր արել քաղաքական ուժերին բռունցքվել, համախմբվել:

Նա նաեւ ասել էր, որ այս հավաքով սկիզբ է դրվում պայքարի վճռական փուլին, որին անդրադառնալով՝ Սրբազանը հայտնել է. «Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին. ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»:

«Մտնում ենք պայքարի ինտենսիվ եւ հետեւողական փուլ, համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ հաղթանակով երաշխավորված։

Բոլոր անհաջողությունները, թերացումներն ու սխալներն իմն են, բացառապես իմը, իսկ հաղթանակը՝ ձերը եւ միայն ձերը», – հայտարարել էր նա՝ նշելով, որ Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որը հանդես կգա երկրի ազգային եւ պետական շահերի դիրքերից։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՁԱԽՈՂՎՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՆԵՐԸ

Անկախության 33-րդ ամյակին իշխանության ոչ մի օղակ այդպես էլ չայցելեց Եռաբլուր, սակայն խրախճանքի երեկո կազմակերպեցին Հանրապետության հրապարակում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 21-ին, փոխանակ անկախության համար մարտնչած մարտիկների շիրիմին հարգանքի տուրք մատուցելու, ժամանել էին Հայաստանի պատմության թանգարան՝ մասնակցելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը:

Ձախողելով Անկախության տոնը՝ փաշինյանական ընտանիքը ցուցահանդեսից հետո տեղավորվեց ռեստորաններից մեկում, ապա սկսեց ողջագուրվել անցորդների հետ. այնինչ Եռաբլուրից սգի ձայն էր լսվում։

Ձախողելով անկախության տոնը եւ չկազմակերպելով պետական որեւէ տոն՝ Փաշինյանն ու կինը հաջորդ օրն իսկ լքեցին Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանն ու կինը նախ մեկնեցին Հայաստանից Բրյուսել, ապա Բրյուսելից Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Հայաստանի պատվիրակությունն Ամերիկայում կլինի (խմբ.) սեպտեմբերի 22-27-ը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Մյուռոնօրհնեքի արարողությունն է լինելու, իսկ սեպտեմբերի 29-ը Էջմիածնի մայր տաճարի օծման արարողությունն է տեղի ունենալու։ Այսինքն՝ Փաշինյանը կա՛մ կգնա, կա՛մ կպատճառաբանի, որ ԱՄՆ-ից նոր է վերադարձել։

Ստացվում է, որ վարչապետ Փաշինյանն ամեն բան անում է եկեղեցու հետ որեւէ կապ չունենալու համար եւ շրջանցում է գրեթե բոլոր պետական տոները։

Իսկ նախկինում Հայաստանի Անկախության տոնը նշվում էր մեծ շուքով, զինվորական էլիտայի քայլերթով։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս