ԿԱՆԱԴԱՆ «ԽՈՍՈՒՄ» Է ՀՕԳՈՒՏ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։ Վերջին շրջանում Հայ դատի Կանադայի հանձնախումբը պաշտոնական ակտիվ հաղորդակցության մեջ է եղել նախարար Ջոլիի հետ։ Հայտարարության մեջ տեղ գտած ձեւակերպումները լիովին համապատասխանում են Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին։

 

Թարգմանաբար ներկայացնում ենք նախարար Ջոլիի հայտարարությունը։

«Անցյալ շաբաթ լրացավ մեկ տարին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետեւանքները ծանր էին, դրա արդյունքում ավելի քան 100.000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30.000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ։

Ադրբեջանի կողմից չարդարացված ռազմական գործողությանը նախորդել էր Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների անցման իննամսյա շրջափակումը, ինչը խախտել էր Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի կիրառման մասին որոշումը։

Կանադան համերաշխ է այս ճգնաժամից տուժած մարդկանց հետ եւ երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։ Այդ իսկ պատճառով 2023 թ. մենք ավելի քան 3.9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար։

Կանադան շարունակում է կոչ անել եւ աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին, ինչպես նաեւ կողմերի միջեւ երկխոսության եւ վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար եւ տեւական խաղաղության համար:

Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատել 2020 թ. Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Մենք նաեւ շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ադրբեջանից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին։

Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը եւ աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին եւ ինքնորոշման իրավունքին՝ այս տարածաշրջանի  ժողովրդի համար արդար եւ տեւական խաղաղության հասնելու բանակցություններում։ Սա պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ եւ արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների եւ քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը եւ տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:

Հայ դատի Կանադայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները Կանադայի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի շուրջ կանադական կողմի օբյեկտիվ դիրքորոշումները պահպանելու եւ զարգացնելու ուղղությամբ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

 

 

ՊԱՅՔԱՐԸ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին. հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։

Այս մասին մարզահամերգային համալիրում մեկնարկած Սրբազան պայքարի հավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը, ինչպես նշել էինք՝ Բագրատ Սրբազանը հայտարարել է՝ «Մտնում ենք պայքարի ինտենսիվ եւ հետեւողական փուլ, համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ հաղթանակով երաշխավորված։

Բոլոր անհաջողությունները, թերացումներն ու սխալներն իմն են, բացառապես իմը, իսկ հաղթանակը՝ ձերը եւ միայն ձերը»,- հայտարարել է նա։

«Հայաստանը պետք է լեգիտիմ իշխանություն ունենա, որը հանդես կգա երկրի ազգային եւ պետական շահերի դիրքերից։ Պետք է ձեւավորենք նոր իշխանություն՝ ըստ արժանիքների, դառնալով հաշտության եւ բոլոր ունակների կառավարություն։

Պետք է վերացվեն այս իշխանության կողմից հանրության ներսում ստեղծված պետության եւ հասարակության դիմադրողականությունը քայքայող բաժանարար գծերը։ Մենք կարող ենք եւ կոչված ենք վերականգնելու մեր ազգային համերաշխությունը», – հայտարարել է նա։

 

 

ՈՎՔԵՐ ԵՆ ԱՄՆ ՄԵԿՆԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Կառավարությունից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 22-27-ն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կգտնվեն նաեւ՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Ա. Հակոբյանը,

ՀՀ առողջապահության նախարար Ա. Ավանեսյանը,

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լ. Մակունցը,

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մ. Մարգարյանը,

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար՝ Ն. Բաղդասարյանը,

ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Գ. Վանոյանը,

ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ Կ. Գասպարյանը,

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա. Խաչատրյանը,

ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու Ա. Մելքոնյանը,

«Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն (համաձայնությամբ) Թ. Թերքմանը,

«Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական մեդիայի պատասխանատու Ս. Ասիլյանը,

Թարգմանիչ Գ. Կալոշյանը,

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր Ա. Աբրահամյանը,

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությանօպերատոր Ա. Շահինյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ Տ. Մեհրաբյանը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս