«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն Աննա Խաչատրյանն ահազանգում է, որ, ապրելով իր իսկ սեփական երկրում, լինելով լիակատար քաղաքացի, պաշտպանված չի զգում իրեն այստեղ:
Իր ամուսինը՝ Արմեն Դաբաղյանը, տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, որի համար նրա մարմնում տեղադրել են 2 ստենդ: Առաջինը տեղադրել են 2022 թվականին, երբ շտապօգնության մեքենայով տարել են «Աստղիկ» ԲԿ. ստենդը տեղադրել են անվճար: Իսկ արդեն երկրորդ անգամ անհրաժեշտ է եղել այս տարի՝ 2024 թվականին. Ա. Խաչատրյանը կրկին զանգահարել է շտապօգնություն, որ իր ամուսնուն տանեն հիվանդանոց եւ տեղադրեն ստենդը:
Շտապօգնության մեքենայով Ա. Դ.-ին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ, քանի որ այնտեղ ազատ տեղ չի եղել, տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, որտեղ էլ ստենդի համար պահանջել են 900 հազար դրամ եւ ասել են՝ մինչեւ գումարը չլինի, չենք կարող իրականացնել վիրահատությունը:
Կինը՝ Աննա Խաչատրյանը ստիպված է եղել կարճ ժամանակում վարկ վերցնել: Վճարել են գումարը, նոր կատարվել է վիրահատությունը։
«Ես շատ զարմացա. ստացվում է, որ օրենքն ասում է՝ եթե չես կարողանում վճարել, ուրեմն մարդը պետք է մեռնի՞, իսկ ինչի՞ համար են այդ հիվանդանոցները, միայն օլիգարխների՞, որ փող ունեն… մնացածն ապրելու իրավունք չունի՞»,- վրդովված ասում է նա:
Տիկին Աննայի խոսքով՝ «առաջին ստենդից հետո 1 տարի ամուսնուն թոշակ են տվել, դրանից հետո դա էլ են կտրել՝ ասելով, թե լավ է արդեն:
«Ուզում եմ հասկանալ՝ մի հիվանդանոցում մի մոտեցում է գործում, մյուսում՝ ա՞յլ», – նշում է նա:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ՝ մեկնաբանություն լսելու նպատակով. «Եթե խոսքը սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի մասին է, ապա պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում` ամբողջ բնակչության շրջանում (անկախ սոցիալական կարգավիճակից եւ տարիքային խմբից) գործում է: Ծրագիրը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովում է դեղապատ ստենդի տեղադրումն անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:
Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսեւորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու եւ պացիենտին տեղափոխելու ժամանակահատվածը: Ուզում եմ նաեւ նշել, որ սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնելու լաբորատոր-գործիքային ցուցանիշներն կան: Օրինակ` սրտամկանի սուր ինֆարկտ»-ին բնորոշ կլինիկական ախտանիշներ, էլեկտրասրտագրի վրա ST սեգմենտի ավելի քան 1մմ էլեւացիա երկու եւ ավելի արտածումներում կամ, օրինակ, արյան մեջ տրոպոնինի կամ բարձր զգայունության տրոպոնինի > 100 նգ/լ ցուցանիշ եւ այլն: Դա բժիշկն է հստակեցնում: Ես այսպես չեմ կարող ասել, թե քաղաքացու մոտ ինչ խնդիր է: Եթե որեւէ բան չի բավարարում նրան, խնդրանքս է` թող զանգահարի մեր թեժ գծին կամ ներկայացնի իր բոլոր թղթերը նախարարութուն՝ հասկանանք»,- ասաց նա:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԿԲԱՑՎԻ «ԱՐՄԱԹ» ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՈՑԸ
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի թիվ 106 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 650-րդ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի պաշտոնական բացումը:
Աշխատանոցը ստեղծվել է «Վարդանանց ասպետներ» կազմակերպության օժանդակությամբ։
«Արմաթ» ծրագիրը իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ սկսած 2012-ից։
Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ դպրոցականներին ստանալ բարձր տեխնոլոգիական կրթություն եւ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։
«Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը ստեղծվել է 1916 թվականին Ֆիլադելֆիայում։
Այն օժանդակում է մշակութային, կրթական, մարզական եւ բարեգործական հաստատություններին, ինչպես նաեւ իր հանգանակած միջոցներով հայրենիքում զբաղվում է դպրոցների նորոգմամբ ու բարեկարգմամբ, կրթաթոշակներ է տրամադրում Հայաստանում սովորող ուսանողներին։