ԱՊԱՎԻՆՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեպի եվրոպա….

Ահա այս կոչի ներքո հայաստանյան արտախորհրդարանական մի շարք ուժեր համախմբել են այն քաղաքացիներին, ովքեր Հայաստանի ապագան ԵՄ-ի կազմում են տեսնում։

 

Սեպտեմբերի 16-ից արտախորհրդարանական եվրոպամետ ուժերը մարզերում եւ Երեւանի տարբեր վարչական շրջաններում ստորագրահավաք են անցկացնում։ 50 հազար ստորագրության առկայության դեպքում այս ուժերը պահանջելու են խորհրդարանից հանրաքվե իրականացնել՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով։ Չնայած Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ հանրաքվեի կարիք չկա, քանի որ ինքն արդեն գիտի՝ հայ հանրությունն ինչ տեսակետ ունի ԵՄ-ին անդամակցելու հարցով, ստորագրահավաքին մասնակից քաղաքացիները պնդում են՝ հանրաքվե պե՛տք է անցկացվի։ Նիկոլ Փաշինյանը դեռ հուլիսի 1-ին՝ Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ, հայտարարել էր, որ հանրաքվե անցկացնելու կարիք չկա, քանի որ ինքը արդեն գիտի այս հարցով հանրության տեսակետը: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին, ով ստորագրահավաքի նախաձեռնողներից է:

-Պարո՛ն Բաբաջանյան, մեզ տեղեկություններ են փոխանցում, որ ՔՊ վարչության նիստերի եւ թիմակիցների հետ հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ ասել է, որ որեւէ կերպ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրահավաք չի լինելու, քանի որ նման օրակարգ չկա: Այս հարցով կասե՞ք ինչ եք պատրաստվում անել:

-Մենք շարունակելու ենք անել մեր գործը: Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ համակարծիք է ինձ հետ այն հարցում, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովուրդն է, եւ ժողովուրդը գիտի՝ ինչ պիտի անի: Մենք էլ մեր հերթին ժողովրդի աջակցությամբ գիտենք, թե ինչպես պիտի առաջնորդենք այս շարժումը: Օրենքով սահմանված կարգով՝ հավաքում ենք 50 հազար ստորագրություն, որից հետո կտեսնենք, թե հարցն Ազգային ժողովում ինչ ընթացք կունենա եւ դրանից հետո կորոշենք, թե ինչպես ենք շարունակելու մեր գործողությունները: Բայց այն, որ իշխանությունը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ ժողովուրդը, այս հարցում երկու կարծիք լինել չի կարող:

-Պարո՛ն Բաբաջանյան, գիտենք նաեւ, որ 50 հազար ստորագրությունը, Ազգային ժողովում մերժելու դեպքում, հնարավոր է հավաքել 300 հազար ստորագրություն՝ հարցը հանրաքվեի դնելու նպատակով: Հնարավո՞ր է, որ այդ քայլին գնաք:

-Մենք որեւէ բան չենք բացառում, սակայն այս պահին որոշում չունենք: Ժողովրդի ոգեւորությունը տեսնելով, սակայն, կարծում ենք, որ որեւէ դժվարություն չի լինի 300 հազար ստորագրություն հավաքելու համար:

Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը հայտնել էր իր մտադրության մասին՝  ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաք կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը։

Նշենք նաեւ, որ ավելի վաղ այս հարթակը դիմել էր ԱԺ՝ հանրաքվե անցկացնելու առաջարկով, սակայն Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի, քանի որ ինքը, որպես երկրի ղեկավար, արդեն իսկ գիտի ՀՀ ժողովրդի կարծիքը։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ՋՈՒՐԸ ԹԱՆԿԱՑԱՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 220

2018 թվականի նոյեմբերի 27-ին, խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ելույթ ունենալով Ալավերդի քաղաքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ի հեճուկս նախկինում կառավարության կնքած պայմանագրերի՝ խմելու ջուրը ՀՀ-ում չի թանկացել, թեեւ այս դեկտեմբերին պետք է թանկանար, բայց մինչեւ 2024 թվականը չի թանկանալու»:

Սակայն Փաշինյանի վերոնշյալ ելույթի ժամանակ իրականում խմելու ջուրն արդեն թանկացել էր, պարզապես համաձայնություն էր ձեռք բերվել՝ թանկացումը կիրառել 2024 թվականից։ Դրա դիմաց գործադիրը համաձայնել էր նվազեցնել եւ հետաձգել «Վեոլիա ջրի» ներդրումային պարտավորությունները։

Այս խոստումից հետո Հայաստանում խմելու ջուրը երկու անգամ թանկացավ՝

2022թ. հունվարի 1-ից մոտ 20 դրամով

2023թ. հունվարի 1-ից 9 դրամով

2024 թվականի հունվարի 1-ից խմելու ջուրը էժանացել է 2,47 դրամով եւ կազմել 206 դրամ։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը, որը խոստանում էր մինչեւ 2024 թվականը ջուրը չթանկացնել, խաբեց, քանի որ ջուրը թանկացրել է շուրջ 30 դրամով, էժանացրել՝ 2,5 դրամով։

Շարունակությանը կարող եք հետեւել ArmLur.am լրատվականում:

 

 

ԲԱՅՐԱՄՈՎԸ՝ ԲԱՔՎԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՄԱՍԻՆ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում «Ապագայի գագաթնաժողովում» ունեցած ելույթում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն Երեւանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ՝ հիմնված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման եւ հարգանքի վրա:

«Մենք կոչ ենք արել վերացնել մնացած խոչընդոտները եւ ընդգծել ենք այդ նպատակին հասնելու համար քաղաքական կամքի եւ պատասխանատվության կարեւորությունը», – ասել է Բայրամովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը բախվել է միջազգային իրավունքի խախտումների հետեւանքների հետ, ուստի լիովին աջակցում է գագաթնաժողովի՝ միջազգային իրավունքի նորմերի խիստ պահպանման կոչին:

 

 

ՀԱՐՑ՝ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ

«Ես` որպես անձ, ուշադիր հետեւում եմ այդ իրադարձություններին, բայց որեւէ կերպ չեմ միջամտում քրեական գործի քննությանը». այս մասին երեկ՝ սեպտեմբերի 24-ին՝ ՍԴ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի ընթացքը, որի արդյունքում իր գործընկերը երկու դրվագով մեղավոր է ճանաչվել:

«Իսկ որպես դատարան, որպես դատարանի դատավոր ու նախագահ, երբ կգա մեր ասելու ժամանակը, մենք անպայման կասենք», – նշեց նա:

Անդրադառնալով Կիրանցի հատվածում տեղի ունեցած սահմանազատմանը եւ այն քննադատություններին, որ այդ գործընթացն ապօրինի է, քանի որ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը չի հաստատվել, Դիլանյանն ասաց. «Ես այս պահին որեւէ գնահատական չեմ տա: Ավելի լավ է՝ սպասենք, եթե այդ հարցը կգա ՍԴ, այդ ժամանակ մենք  գնահատական կտանք»:

 




Լրահոս