Լիբանանում իրավիճակը սրանում է։ Իսրայելը հայտարարել է «Հըզբալլահի»-ի՝ ավելի քան 300 ռազմակետերի ոչնչացման մասին։ Երկու օր է ռմբակոծվում է Բեքայի հովիտը՝ Բաալբեք, Սիդոն, այսօր երեկոյան արդեն հարվածներ են հասցվել Զահլե գյուղաքաղաքին։ Բեքայի հովտում գտնվող հայկական Այնճար գյուղում այս պահին հանգիստ վիճակ է, սակայն Բեքայի հովտից սկսել են տարհանել բնակիչներին, ինչը կարող է վտանգավոր նախադեպ լինել եւ Իսրայելին առաջ ընթանալու հնարավորություն տալ։
Ռմբակոծության են ենթարկվում նաեւ մայրաքաղաք Բեյրութի արվարձանները։ Լիբանանի ողջ տարածքում ուսումնական գործընթացները ժամանակավորապես սառեցվել են եւ փակվել են ուսումնական հաստատությունները։
Մինչեւ այս պահը Լիբանանում զոհերի թիվը հասել է շուրջ 600-ի, վիրավորվել է ավելի քան 1900 մարդ։ Մարդիկ բենզալցակայաններում, պարենային խանութներում եւ հացի փռերում հերթի են կանգնել՝ առաջին անհրաժեշտության իրերի, սննդի պաշարներ ապահովելու եւ տեղաշարժի հնարավորություն ստեղծելու համար։ Միեւնույն ժամանակ «Հըզբալլահ»ը անդադար հարվածներ է հասցնում Իսրայելի ռազմավարական օբյեկներին, ինչպես նաեւ 4 փուլով հարվածներ է հասցրել Թել Ավիվի, Բեն Գուրինի եւ եւ Հայֆայի օդանավակայանների ուղղությամբ։
Իսրայելում առկա իրավիճակի մասին տվյալները սակայն սակավ են, ինչը պայմանավորված է իսրայելական մամուլի հրահանգված լռությամբ եւ բազմակողմանի տեղեկատվություն տրամադրող Al Jazeera լրատվականի գործունեությանը Իսրայելի իշխանությունների կողմից դրված արգելքով:
Լիբանանն այսօր քաղաքացիական երկրորդ պատերազմի ավարտից հետո ամենաշատ զոհերն է տվել մեկ օրվա կտրվածքով: Բեքայի հովտի բնակչությունը տարհանվում է դեպի Բեյրութ եւ Սիրիա: Սիրիայի Հանրապետությունը, նախագահ Բաշար ալ Ասադի հրահանգով, բացել է սահմանները լիբանանցի փախստականների համար:
Հայկական Այնճար ավանում շուրջօրյա վերհսկողություն է սահմանվել, ազգային կառույցներն ու գրասենյակները 24-ժամյա կտրվածքով հերթապահությամբ աշխատում են՝ բնակչության կարիքները բավարարելու համար: Գյուղի բնակչությանը հորդորել են միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ գյուղի տարածքից։
Լիբանանի առողջապահական համակարգը, որը առանց այդ էլ վերջին տարիներին ճգնաժամի մեջ էր, չի հասցնում ընդունել վիրավորներին: Հենց այս խնդրի լուծման համար էլ Իրաքը եւ Իրանը արդեն մի քանի ինքնաթիռ օգնություն են ուղարկել, այդ թվում՝ դեղորայք եւ բժշկական սարքավորումներ: Բացի այդ վիրավորների մի խումբ տեղափոխվել են Լիբանանից՝ բուժման նպատակով:
Լիբանանում ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ Իրաքի շիա ժողովրդական աշխարհազորայինները հայտարարել են Լիբանանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու լիակատար պատրաստակամության եւ մոբիլիզացիայի մասին։
Հայտարարության մեջ նշվում է, որ աշխարհազորայինները պատրաստ են աջակցելու Լիբանանին պարենային, բժշկական, հումանիտար եւ այլ ոլորտներում։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում, հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Այս մասին տեղեկանում ենք Հնդկաստանի վարչապետ X-ի էջում արված գրառումից։
«Հրաշալի էր, որ այսօր ավելի վաղ ՄԱԿ-ում կայանալիք Ապագայի գագաթնաժողովի կուլիսներում հանդիպել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասվում է Հնդկաստանի վարչապետի գրառման մեջ։
ԿԲԱՐՁՐԱՁԱՅՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Խորհրդակցական սենյակում իր դիտարկումները կբարձրաձայնեմ: Այս մասին երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը, անդրադառնալով նրան, որ այսօր ՍԴ-ն քննելու է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:
Հարցին՝ նկատե՞լ է խնդիրներ, նա պատասխանեց. «Այդ խնդիրները, եթե նկատել եմ, առաջին հերթին խորհրդակցական սենյակում պետք է բարձրացնեմ, նոր լրատվամիջոցների համար ասեմ»:
Ճշտող հարցին՝ խնդրահարույց որեւէ բան չի՞ տեսնում այդ կանոնակարգում, նա արձագանքեց. «Իհա՛րկե, տեսնում եմ, այնտեղ կբարձրաձայնեմ»:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ գրավոր ընթացակարգով քննել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:
ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-Ը ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը սեպտեմբերի 15-20-ը աշխատանքային այցով գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այցը կազմակերպվել է Save Armenia եւ Save Persecuted Christians կազմակերպությունների հրավերով։
Այցի շրջանակներում Գեղամ Ստեփանյանը հանդես է եկել ելույթով ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում, որտեղ իր ելույթում ընդգծել է Արցախից բռնի տեղահանված անձանց միջազգային աջակցության տրամադրման, Ադրբեջանում անօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդների ազատ արձակման հարցում միջազգային ճնշման, Արցախում հոգեւոր մշակութային ժառանգության պահպանության հարցում միջազգային կազմակերպությունների գործուն ներգրավվածության եւ Արցախի ժողովրդի անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացման հարցի քննարկման համար միջազգային հարթակի ձեւավորման անհրաժեշտությունը։
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետական դեպարտամենտի միջազգային կրոնական ազատությունների բաժնի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում առանձնապես ընդգծել է Արցախում հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու համար Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողությունների ձեռնարկման կարեւորությունը։
Գեղամ Ստեփանյանն Արցախի հայաթափման առաջին տարելիցին նվիրված ելույթներով հանդես է եկել նաեւ Save Armenia-ի կազմակերպած «Իրավիճակի պարզաբանում. Արցախի էթնիկ-կրոնական զտում» խորագրով քննարկմանը եւ ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպած «Հաշվետվողականություն 2024» միջոցառմանը։
ԱՄՆ մեկնած պատվիրակության կազմում էին Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ադրբեջանական հանցագործությունների զոհերի հարազատները, CFTJ կազմակերպության ներկայացուցիչներ։