
Որոշ աղբյուրների հավաստմամբ, երեկ և այսօր հայկական բանակային կազմավորումները ադրբեջանցիների նկատմամբ իրականացրել են պատժիչ գործողություններ: Համաձայն նույն տեղեկության, հակառակորդը կրել է խոշոր կորուստներ: Ենթադրվում է, որ կատարվածի առթիվ շուտով բանակի ղեկավարությունը հանդես կգա հատուկ հայտարարությամբ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել է հաղորդում տարածել, ուր ասվում է, թե վերջին շրջանում նրանք ոչ մի կորուստ չեն կրել և հայերի այսօրինակ հրապարակումները հետապնդում են քարոզչական նպատակ՝ նախատեսված ներքին լսարանի համար: Ասվածին հավելենք, որ նշված փաստի առթիվ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ասել է հետևյալը. «Ես չեմ կարող փակագծերը շատ բացել, բայց կարող եմ պնդել, որ այսօր արդեն ունենք իրենց կողմից բազմակի անգամ մեծ զոհեր, և այդ պատժիչ գործողությունները շարունակվելու են, ինչին մենք ականատես կլինենք ոչ հեռու ապագայում: Մեկ-երկու սպանություն կհայտնեն, մնացածը կփորձեն կոծկել այլ պատճառների տակ»: