ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ չորս մեղադրյալի մասով նախաքննությունը:
Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2024 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 13:26-ին, ահազանգեր էին ստացվել այն մասին, որ Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում կրակոց էր հնչել:
Ահազանգի կապակցությամբ քննչական-օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, որտեղ պարզել էր, որ նշված վայրում ծեծկռտուք է տեղի ունեցել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին արյան հետքեր եւ կրակված փամփուշտի գնդակ։
Հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչների եւ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համատեղ եւ համակարգված միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ:
Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանցից չորսի ինքնությունը, անհատականացվել՝ նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
Մասնավորապես, պարզվել է, որ դեպքի նախորդ օրը՝ մայիսի 2-ին, Ամերիկյան համալսարանի ուսանողներ Հ.Ֆ.-ն եւ Ռ.Ս.-ն վիճաբանել են միմյանց հետ, որից հետո՝ մայիսի 3-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, վերջինս մի խումբ անձանց եւ հոր, իսկ Հ.Ֆ.-ն եղբոր հետ, պարզաբանումներ կատարելու նպատակով, ժամանել են Ամերիկյան համալսարանի մոտ գտնվող արագ սննդի կետի դիմաց, որտեղ կրկին վիճաբանություն է սկսվել կողմերի միջեւ:
Այդ ընթացքում, հասարակության նկատմամբ անհարգալից եւ իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, տվյալ տարածքում գտնվող քաղաքացիների, համալսարանի ուսանողների եւ աշխատակիցների, հարակից տարածքում գործող սրճարանների աշխատակիցների անդորրը խախտելով, վիճաբանող կողմերը հնչեցրել են հայհոյանքներ, հարվածներ հասցրել միմյանց, ինչի ընթացքում Ռ.Ս.-ի հայրն իր մոտ գտնվող WALTTHER P38 մոդելի հրազենի կոթով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ անձի գլխի հատվածին, ինչից հետո նաեւ արձակել է մեկ կրակոց:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեկ անձի՝ Ռ.Ս.-ի հորը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, երեք անձի՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Մեկ անձի նկատմամբ ընտրվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն, գրավ եւ բացակայելու արգելք, երկու անձի նկատմամբ՝ գրավ եւ բացակայելու արգելք, մեկ անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք։
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին:
Միջադեպին մասնակից մյուս անձանց, այդ թվում՝ վնասվածք ստացած անձի մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
ՏԱՆ ԳԱՂՏՆԻ ՀԵՏՆԱՄՈՒՏՔԻ ԴՈՒՌԸ ԲԱՑ Է ԵՂԵԼ
2019 թվականի սեպտեմբերի 24-ին, ՀՀ նախկին ոստիկանապետ 63-ամյա Հայկ Հարությունյանին գտան ինքնասպան եղած։ Վերջինիս հայտնաբերեցին գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի խորհրդավոր ինքնասպանությունից 5 տարի անց «Ժողովուրդ» օրաթերթի նկարահանող խումբը Բջնի գյուղում էր։ Առանձնատանը, որտեղ ինքնասպան եղավ նախկին ոստիկանապետը, որեւէ մարդ չկար, դարպասները կողպված էին։ Գյուղի բնակիչները պատմում էին, թե լսել են՝ նախկին ոստիկանապետի առանձնատունը դեպի սար տանող գաղտնի հետնամուտք է ունեցել, ու կրակոցի օրը գաղտնի հետնամուտքի դռները բաց են եղել։
Ի վերջո, ինչ փուլում է Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի խորհրդավոր ինքնասպանության դեպքով հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեում։ «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու դեպքով քրեական վարույթը ընթացքի մեջ է:
Ասել է թե՝ 5 տարի անց գործով քննությունը շարունակվում է, սակայն հիմնական հարցի պատասխանը չկա՝ ի վերջո ինչո՞ւ կամ ո՞վ հասցրեց Հայկ Հարությունյանին ինքնասպանության:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ