2024 թվականի հուլիս ամսվա անշարժ գույքի վերաբերյալ իրականացված ընդհանուր գործարքներն ըստ ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի.
«Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ Սյունիքի մարզում անշարժ գույքի մասով իրականացված գործարքները կազմել են 4.8 տոկոս, Վայոց ձորի մարզում՝ 2.4 տոկոս, Տավուշի մարզում՝ 9.1 տոկոս, Արագածոտնի մարզում՝ 6.1 տոկոս, Արարատի մարզում՝ 8.5 տոկոս, Արմավիրի մարզում՝ 8.3 տոկոս, Գեղարքունիքի մարզում՝ 6.0 տոկոս, Լոռու մարզում՝ 5.8 տոկոս, Կոտայքի մարզում՝ 17.7 տոկոս, Շիրակի մարզում՝ 4.5 տոկոս, Սյունիքի մարզում՝ 4.8 տոկոս, իսկ մայրաքաղաք Երեւանում՝ 26.8 տոկոս։
Եթե խոսենք ավելի հստակ, թվերով, ապա մայրաքաղաք Երեւանում 2023 թվականի հուլիս ամսին անշարժ գույքի 5080 գործարք է իրականցվել, ինչը 545-ով պակաս է 2024 թվականի հունիս ամսում կատարված գործարքներից։ 2024 թվականի հուլիս ամսին կատարվել է 5791 գործարք, որը 166-ով ավելի է նախորդ՝ հունիս ամսում կատարված գործարքներից։
Արագածոտնի մարզում 2023 թվականի հուլիս ամսին կատարվել է 1187 գործարք, իսկ արդեն հաջորդ թվականի հունիս ամսին՝ 1455 գործարք։ 2024 թվականի հուլիս ամսին Արագածոտնի մարզում կատարվել է անշարժ գույքին վերաբերող 1327 գործարք, ինչը 128-ով պակաս է նախորդ ամսում իրականացված գործարքներից։
Գեղարքունիքի մարզում 2023 թվականի հուլիս ամսին կատարվել է 1080 գործարք, իսկ 2024 թվականի հունիս ամսին՝ 1367 գործարք, ինչը զգալիորեն ավելի շատ է նախորդ տարվա հուլիս ամսում կատարված գործարքներից։ 2024 թվականի հուլիս ամսին կատարվել է 1291 գործարք, ինչն ավելի քիչ է նույն թվականի նախորդ ամսվա գործարքների հետ համեմատած։
Կոտայքի մարզում կատարված գործարքների թիվը բավականին բարձր է։ 2023 թվականի հուլիս ամսին Կոտայքի մարզում կատարվել է 3367 գործարք, իսկ հաջորդ տարվա հունիս ամսին կատարվել է 3578 գործարք։ Հետաքրքիր է նաեւ նույն թվականի հաջորդ ամսում կատարված գործարքների թիվը, որը աճել է։ 2024 թվականի հուլիս ամսին Կոտայքի մարզում կատարվել է 3829 գործարք, ինչը կրկին զգալիորեն ավելի է նախորդ ամիս կատարված գործարքներից։
Սյունիքի մարզում 2023 թվականի հուլիս ամսին կատարվել է 663 գործարք, իսկ արդեն 2024 թվականի հունիս ամսին՝ 1104 գործարք, ինչը փաստում է, որ նախորդ տարվա համեմատ գործարքների թվերն աճել են։ 2024 թվականի հուլիս ամսվա գործարքների թիվը կազմել է 1029, ինչը քիչ է նախորդ ամսվա գործարքների հետ համեմատած։
Վայոց ձորում գործարքների թիվն ամենաքիչն է կազմում։ 2023 թվականի հուլիս ամսին Վայոց ձորում կատարվել է 341 գործարք, իսկ հաջորդ տարվա հունիս ամսին գործարքների թիվն աճել է եւ դարձել 464։ 2024 թվականի հուլիս ամսին գործարքների թիվը կրկին աճել է եւ դարձել 527։
Տավուշի մարզում 2023 թվականի հուլիսին կատարվել է 817 գործարք, իսկ հաջորդ տարվա հունիս ամսին կատարվել է 1486 գործարք, ինչն էլ փաստում է, որ այս տարվա հունիս ամսին Տավուշի մարզում զգալիորեն աճել է անշարժ գույքի իրականացված գործարքների թիվը նախորդ տարվա հետ համեմատած։ 2024 թվականի հուլիս ամսին կատարվել է 1969 գործարք։
Ընդանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հուլիս ամսին կատարվել է 17 629 գործարք, իսկ արդեն 2024 թվականի հունիս ամսին՝ 21 147 գործարք՝ աճելով 3518-ով։ 2024 թվականի հուլիս ամսին էլ կատարվել է 21 584 գործարք, նախորդ ամսվա թվից աճելով 437-ով։
Մանրամասն՝ ArmLur.am կայքում
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ԳԻՆԸ ԿՐԿԻՆ ՓՈՓՈԽՎԵԼ Է
Հեղուկ գազի շուկայում ամեն բան կրկին խառնվել է։
Բանն այն է, որ մի օր հեղուկ գազը շեշտակիորեն թանկանում է՝ հասնելով տարօրինակ բարձր գնի, իսկ մի օր էլ նույն շեշտակիությամբ՝ էժանանում։
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել այս թեմային, քանի որ հեղուկ գազի գինը վերջին 3-4 ամսում զարմացնում է վարորդներին։
Ըստ տնտեսագետների՝ հեղուկ գազի գնի բարձրացումը կապված է ՌԴ-ից հեղուկ գազ ներկրելու հետ, քանի որ այլ երկրներից հեղուկ գազ ներկրելը ՀՀ, նախ, շատ թանկ կլինի, իսկ հետո՝ այլ երկրներւմ հեղուկ գազի պաշարները այդքան էլ շատ չեն։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս «Ժողովուրդ» օրաթերթը եղել է մի քանի գազալցակայաններում՝ տեղում պարզելու՝ ինչի հետ է կապված հեղուկ գազի անդադար տատանվող գինը։ Տեղում աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթին ասացին, որ հստակ ասել չեն կարող, սակայն, որ հետագայում կրկին սպասվում են թանկացումներ, ակնհայտ է։
Այսօր էլ «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է, որ հեղուկ գազը հիմա էլ էժանացել է՝ 240 դրամից դառնալով 210 դրամ։
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
«ՏԵԼԵԳՐԱՄ». ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Telegram-ի կանոնները խախտողների IP հասցեները եւ հեռախոսահամարները կարող են փոխանցվել համապատասխան մարմիններին՝ ի պատասխան հիմնավոր իրավական հարցումների։
Այս մասին հայտարարել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը։
«Մենք թարմացրել ենք ծառայությունների մատուցման մեր պայմանները եւ գաղտնիության քաղաքականությունը, որպեսզի ապահովենք դրանց համապատասխանությունն ամբողջ աշխարհի պահանջներին։ Այս միջոցն ընդունվել է հանցագործներին Telegram-ի որոնողական համակարգի չարաշահումներից զերծ պահելու համար։
Որոնումը նախատեսված է ընկերներ գտնելու եւ նորություններ ստանալու, այլ ոչ թե ապօրինի ապրանքներ գովազդելու համար։ Թույլ չենք տա չարագործներին խաթարել մեր հարթակի ամբողջականությունը, որից օգտվում է գրեթե 1 միլիարդ օգտատեր»,- գրել է Դուրովը։
Նա պարզաբանել է, որ Telegram-ի որոնման մեջ ապօրինի ապրանքների վաճառքի համար չարաշահման դեպքեր են հայտնաբերվել։ Telegram-ի թիմը վերջին շաբաթների ընթացքում այնտեղից ջնջել է խնդրահարույց բովանդակությունը, հավելել է նա ՝ չնշելով, թե ինչի մասին է խոսքը։
Անցած շաբաթ ֆրանսիական ԶԼՄ-ները գրել էին, որ Telegram-ը Դուրովի ձերբակալությունից հետո սկսել է պատասխանել ֆրանսիացի քննիչների հարցումներին:
Ավելի ուշ տեղեկություն հայտնվեց, որ մեսենջերի վարչակազմն այժմ պատասխանում է այլ երկրների հարցումներին։
Telegram-ի կողմից արտաքին աշխարհի հետ հարաբերություններ ստեղծվեցին Դուրովի ձերբակալությունից հետո, երբ աշխարհը փորձում էր Telegram-ի վրա ուժ կիրառել։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ