Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունիսի 7 տոկոսից (տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ) հուլիսին նվազեց 6.2 տոկոսի։ Առեւտրի աճի տեմպը թուլացավ՝ հունիսի 16.2 տոկոսի դիմաց հուլիսին կազմելով 14 տոկոս։ Ծառայությունների աճի տեմպը (բացի առեւտրից) եւս նվազեց՝ հուլիսին կազմելով 4.9 տոկոս՝ հունիսի 7.8 տոկոսի դիմաց։ Նույն ժամանակահատվածում շինարարությունը շարունակեց աճել մոտավորապես 18 տոկոսով։
Արդյունաբերության աճը փոքր-ինչ բարելավվեց՝ հունիսի 1.3 տոկոսից հուլիսին կազմելով 2.2 տոկոս, հիմնականում պայմանավորված էլեկտրաէներգիայի եւ էներգետիկայի ավելի մեծ աճով (13 տոկոս)։ Մշակող արդյունաբերության աճի ցածր տեմպը պահպանվեց՝ 2.5 տոկոս, ընդ որում հիմնական արտադրական ենթախմբերի մեծ մասի կրճատմամբ՝ սննդամթերքը, խմիչքները եւ ոսկերչական ապրանքները նվազեցին համապատասխանաբար 5 տոկոսով , 4.4 տոկոսով եւ 27 տոկոսով։ Դա փոխհատուցվեց սիգարետի (21 տոկոս), տեքստիլի (23 տոկոս) եւ սեւ ու գունավոր մետաղների (74 տոկոս) արտադրության աճով։ Հանքարդյունաբերության անկումը շարունակվեց, սակայն ավելի դանդաղ տեմպով՝ հունիսի 10.7 տոկոսի համեմատ հուլիսին կազմելով 5.4 տոկոս։ Տնտեսական ակտիվության աճի հունվար-հուլիս ամիսների աճողական ցուցանիշը կազմել է 9.6 տոկոս:
Ոչ առեւտրային զուտ դրամական փոխանցումները հուլիսին նվազեցին 38.1 տոկոսով՝ պայմանավորված 23.1 տոկոսով պակաս ներհոսքերով։ Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքերը հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ, նվազեցին 42 տոկոսով, միաժամանակ փոքր-ինչ աճելով տվյալ ամսին՝ նախորդ ամսվա համեմատ։
Միաժամանակ, ԱՄՆ-ից ներհոսքերն աճեցին 8.8 տոկոսով։ Աճեցին նաեւ դրամական տրանսֆերների արտահոսքերը (մասնավորապես՝ ՄԹ եւ ԱՄՆ)՝ նպաստելով զուտ ներհոսքերի նվազմանը։ Արտահոսքերը դեպի Ռուսաստան նվազեցին 13 տոկոսով:
Օգոստոսին գնաճը, երրորդ ամիսն անընդմեջ, բարձրացավ՝ հաջորդելով 2023 թ. հոկտեմբերից սկսած գնաճի նվազման ժամանակաշրջանին։
Օգոստոսին գնաճը կազմեց 1.3 տոկոս՝ հունվար-օգոստոս ամիսների միջին գնաճը հասցնելով -0.1 տոկոսի։ Տրանսպորտի գներն օգոստոսին բարձրացան 9.1 տոկոսով՝ պայմանավորված ակցիզների 9 տոկոսանոց աճով եւ ներմուծվող նավթի ավելի բարձր գներով։
Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների մասով օգոստոսին արձանագրվեց 1 տոկոսի գնաճ:
Սեպտեմբերի սկզբին ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույք իջեցրեց եւս 25 տոկոսային կետով՝ մինչեւ 7.5 տոկոս. սա 2024 թ. սկզբից սկսած հինգերորդ անընդմեջ իջեցումն էր:
Ոսկու եւ ոսկերչական արտադրանքի վերաարտահանումը հուլիսին շարունակեց արտահանման աճի հիմնական շարժիչը լինել:
ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի եւ ռուսական ռուբլու նկատմամբ հարաբերականորեն կայուն էր հունիս-օգոստոս ժամանակահատվածում։ 2023 թ. համեմատ ՀՀ դրամ – ԱՄՆ դոլար փոխարժեքը սոսկ 0.5 տոկոսով էր ավելի թույլ օգոստոսի վերջին, իսկ ՀՀ դրամ-ռուսական ռուբլի փոխարժեքը արժեզրկվեց 6.2 տոկոսով:
Հուլիսին գրանցվեց բյուջեի 69 միլիարդ ՀՀ դրամի պակասուրդ։ Ասվածը հիմնականում պայմանավորված էր ծախսերի աճով։ Ընդհանուր ծախսերն ընդլայնվեցին 24.4 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված 19.6 տոկոսով ընթացիկ ծախսերի աճով։ Կապիտալ ծախսերը եւս ընդլայնվեցին 43.6 տոկոսով՝ պայմանավորված պաշտպանության եւ ճանապարհային ցանցի բարելավումներով։
Առեւտրային բանկերի ավանդները եւ վարկերը հուլիսին ընդլայնվեցին 1.6 տոկոսով եւ 2 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված ՀՀ դրամով արտահայտված միջոցներով։
Համաշխարհային բանկի «Հայաստան. տնտեսության ամենամսյա տեսություն – սեպտեմբեր 2024» ամփոփագրից
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՑ ԿՈՄԻՏԱՍԻ ՇՈՒԿԱՆ ՉԻ ԳՈՐԾԻ
Կոմիտասի շուկայի փակման վերաբերյալ տեղեկատվական հրաբուխը կարծես թե հանգել էր, սակայն խառնարանում դեռ շարունակվում են եփվել փակման, գնման եւ սեփականաշնորհման գործընթացների մասին խոսակցությունները։ Տասն օր առաջ շուկայի վաճառողներին մինչեւ դեկտեմբերի 31-ը ժամանակ են տվել։
«Ժողովուրդ» օրաթերթն այցելել է Կոմիտասի շուկա՝ հասկանալու, թե ինչ թարմացումներ կան, արդյոք վաճառականների գլխին կրկին դամոկլյան սրի պես կախված է փակման վտանգը:
Շուկայում լռություն է. վաճառականները սպասում են, որ մուտքից գոնե մեկ հաճախորդ ներս մտնի։ Ներսում էլ վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները։ Ասում են՝ փակվելուց հետո միակ ցավը սիրելի ու հավատարիմ հաճախորդներին չտեսնելն է լինելու։
Բոլորը սպասում են, որ գոնե դեկտեմբերի 31-ից հետո, երբ կրկին վերադառնան աշխատանքի, շուկայում աշխատելու ժամկետը կրկին կերկարեցնեն, սակայն ինչքան է այսպես մնալու՝ դժվարանում են ասել։
Այնուամենայնիվ, վստահ են, որ այսքան ձգձգել են՝ դեկտեմբերից հետո նորից ժամանակ կտան աշխատելու։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ