Ռ. ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգը հանրահայտ է ոչ միայն իր հնագույն պատմությամբ, համեղ խոհանոցով, պատմամշակութային արժեքներով, այլեւ մշակութային մի շարք գործիչներով։

 

Ռոբերտ Սահակյանցը մշակութային այն գործիչն է, որը հայ փոքրիկների կյանքն առավել գունավոր է դարձրել իր բարոյախրատական մուլտֆիլմերով։

Հանրահայտ «Մեր բակը 2» ֆիլմում Սահակյանցը նույնպես իր ավանդն է ունեցել։

Ռոբերտ Սահակյանցն ամուսնացած էր  Լյուդմիլա Սահակյանցի հետ. նրանք ունեցել են 3 երեխա՝ Դավիթը, Հայկը եւ Նանան։

Սահակյանցը վայելում էր ժողովրդի մեծ սերն ու հարգանքը, սակայն, ցավոք, այդ ամենը կարճ տեւեց։ Ռոբերտ Սահակյանցը մահացավ 2009 թվականի սեպտեմբերի 24-ին՝ երկարատեւ հիվանդությունից եւ սրտի բարդ վիրահատությունից հետո։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Ռոբերտ Սահակյանցի «Սա էլ այսպես» մուլտֆիլմի ստեղծման հետ կապված հետաքրքրաշարժ մի պատմություն։

Այս պատմությունը սկսվում է այն ժամանակ, երբ Սահակյանցը որոշում է ստեղծել մուլտֆիլմ, որը պետք է արտացոլի սովետական հասարակության որոշակի յուրահատկություններ։ Մուլտֆիլմը սատիրայի միջոցով քննադատում է սոցիալական նորմերն ու բյուրոկրատիան։ Սակայն այդ տարիներին, երբ ստեղծագործական ազատությունը սահմանափակ էր, նման սուր թեմաները հաճախ բախվում էին գրաքննության։ Սահակյանցը, իմանալով այդ մասին, որոշում է օգտագործել ալեգորիա եւ սիմվոլիկա, որպեսզի կարողանա ներկայացնել իր գաղափարները՝ անցնելով գրաքննության մաղը։ Երբ մուլտֆիլմն արդեն պատրաստ էր, այն ներկայացվեց գրաքննիչներին, ովքեր պետք է որոշեին՝ արդյոք այն կհրապարակվի, թե ոչ։ Սահակյանցը եւ իր թիմը մտահոգված էին, որ մուլտֆիլմը կարող է արգելվել  սուր հումորի պատճառով։ Սակայն, ի զարմանս բոլորի, գրաքննիչները, կարծես չհասկանալով ծածկագիր իմաստը, միայն ծիծաղում են մուլտֆիլմի վրա եւ թողնում, որ այն եթեր դուրս գա։

Մուլտֆիլմը մեծ տարածում է ձեռք բերում, ինչպես նաեւ ժողովրդի սերը, իսկ Ռոբերտ Սահակյանցը դառնում է ավելի հայտնի՝ իր յուրահատուկ ոճի, սրամիտ սատիրայի եւ սիմվոլիկայի օգտագործման շնորհիվ։ Իր այս աշխատանքի արդյունքում նա ստեղծեց մի արվեստ, որն ուներ ավելի խոր իմաստներ, քան կարող էր թվալ առաջին հայացքից, եւ որի միջոցով կարողացավ անցնել գրաքննության խիստ  սահմանները։

Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես Սահակյանցը հաջողությամբ հաղթահարեց ստեղծագործական սահմանափակումներն ու դարձավ խորհրդային շրջանի առաջատար մուլտիպլիկացիոն ռեժիսորներից մեկը, որի աշխատանքները մնում են արդիական մինչեւ այսօր։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ՀՈՒՇԱԳԻՐ՝ 3 ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ «Լա Սկալա» թատրոնի Կատարողական արվեստների եւ արհեստների ակադեմիայի միջեւ երեկ ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը եւ «Լա Սկալա» թատրոնի Կատարողական արվեստների եւ արհեստների ակադեմիայի գործադիր տնօրեն Լուիզա Վինչին։

Փաստաթղթի ստորագրմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Հուշագրի ստորագրման նպատակն է նպաստել երկու հաստատություններում կատարողական արվեստի զարգացմանը, ինչպես նաեւ սահմանել թատրոնների միջեւ համագործակցության ուղղությունները, այդ թվում՝ փորձի փոխանակման, կրթական, տեխնիկական վերապատրաստումների ոլորտներում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մեծապես արժեւորել է այս փոխգործակցությունը՝ նշելով, որ ՀՀ կառավարության եւ ԿԳՄՍ նախարարության առաջնահերթություններից է հայ մշակույթի հանրահռչակումը, եւ այս հուշագրի ստորագրումը գերազանց հնարավորություն է այդ նպատակն իրագործելու համար։

Մաեստրո Կարեն Դուրգարյանի խոսքով՝ սա բացառիկ եւ աննախադեպ մասշտաբի ծրագիր է, որը միտված է թատրոնի աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը ֆոտո եւ վիդեո նկարահանման, բեմական ռեժիսուրայի, նոր մեդիայի, բեմական մենեջմենթի, բեմական լուսավորման եւ ձայնային ռեժիսուրայի, բեմական գրիմի եւ բեմական կոստյումների մշակման ոլորտներում:

Լուիզա Վինչին կարեւորել է այս համագործակցությունը եւ նշել, որ բոլոր ջանքերը կներդրվեն ծրագրի իրականացման համար։

 

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ «ՔԱՐԱԿԱՐՄՈՒՆՋ»-Ը ԵՎ ՉՈՐԱԹԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Նավուր գյուղ՝ «Քարակարմունջ» կամրջի (հայտնի է նաեւ «Հախումի կամուրջ» անվամբ) վիճակի ուսումնասիրման եւ մշտադիտարկման նպատակով:

19-20-րդ դարերին թվագրվող հուշարձանի ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքներն իրականացվելու են պետական բյուջեի միջոցներով: Տեղում քննարկվել են առաջին փուլով նախատեսված հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերի կազմման եւ երկրորդ փուլով՝ վերականգնման աշխատանքները:

Չորաթան գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքներն իրականացվում են բարերար Վարդան Քալանթարյանի հատկացրած միջոցներով. այս նպատակով ԿԳՄՍ նախարարությունը 2022 թ. մայիսի 20-ին հուշագիր էր կնքել բարերարի հետ: Եկեղեցու վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվել են լիազոր մարմնի համաձայնեցմանը, որից հետո տրվել է նաեւ վերականգնման թույլտվություն։ Իրականացված ու ընթացքում գտնվող վերականգնման աշխատանքները տեղում դիտարկվել են մասնագետների կողմից: Համադրելով նախագծով առաջարկվող լուծումների հետ՝ քննարկվել են շտկման ենթակա եւ իրականացվելիք աշխատանքների մանրամասները։

Չորաթանի Սբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 1683 թ., սակայն բարերարի ֆինանսավորմամբ իրականացված հնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են նաեւ 11-13-րդ դդ. թվագրվող եկեղեցու հիմքեր։

 

 

ԶԻԴԱՆԻ ՈՐԴԻՆ՝ ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանի ավագ որդին՝ Էնցոն, հայտարարել է 29 տարեկանում պրոֆեսիոնալ խաղացողի կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Էնցո Զիդանը նախատեսում է կենտրոնանալ ընտանիքի եւ ներդրումային գործունեության վրա։ Էնցոն «Ռեալի» ակադեմիայի սան է։ «Արքայական» ակումբի երկրորդ թիմում նա անցկացրել է ավելի քան 100 հանդիպում։

Նա հանդես է եկել նաեւ այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ալավեսը», «Լոզանը», «Ավեսը», «Ալմերիան» եւ այլն: Էնցոյի վերջին ակումբը եղել է իսպանական «Ֆուենլաբրադան», որի կազմում նա խաղացել է 2022-2023 թվականներին։

 

 

ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին:

Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Օլիմպիադայում կիսել է 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն ընդհանուր վաստակած միավորներով երրորդն են Հնդկաստանից եւ ԱՄՆ-ից հետո։

 




Լրահոս