Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է՝ առանց խոչընդոտների իրենք հաղթելու են ԱԺ հերթական՝ 2026 թվականի ընտրություններում. տեխնիկական, կազմակերպչական հարցերն են մնացել լուծելու: Նա հորդորել է թիմակիցներին, թե պետք է հետագայի՝ 2031-ի ընտրությունների մասին մտածել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները վերջին շրջանում լուրջ մտահոգություններ են ունեցել, որ իրենց իշխանության օրոք Հայաստանի առջեւ ծառացած մի շարք անվտանգային խնդիրների ֆոնին իրենց վարկանիշը կտրուկ անկում է ունեցել, եւ գնալով իրավիճակն ավելի է բարդանում, ու կարող է 2026 թվականի ընտրությունների ժամանակ լուրջ խնդիրների առջեւ կանգնեն՝ ընդհուպ չկարողանան վերարտադրվելու համար անհրաժեշտ ձայներ հավաքել:
Նիկոլ Փաշինյանը, սակայն, հանգստացրել է թիմակիցներին՝ ասելով, որ մտահոգվելու կարիք չկա, 2026 թվականին իրենք իշխանության են մնալու, առանց որեւէ խոչընդոտի հաղթելու են ընտրությունները:
Փոխարենը, Փաշինյանը հորդորել է մտածել հաջորդ՝ 2031 թվականի ընտրությունների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի առնչությամբ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանից հետաքրքրվել է՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական հանդիպումների ժամանակ նման վստահեցում տվել է:
«Նման թեմա չի քննարկվել: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ կարող ենք վստահություն ունենալ միայն դրանց հաշվարկից հետո: Դա վերաբերում է ցանկացած ընտրությունների, անգամ ընտրությունից մեկ ժամ առաջ նման վստահություն ունենալը, կարծում եմ, ճիշտ չէ», – ասաց նա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առողջապահության նախարարի տեղակալ Լեւոն Հակոբյանը բիզնես կլաս դասի տոմսով ուղեւորվել է Նիդերլանդների թագավորություն 2 օրով։ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ բիզնես կլաս դասի տոմսի արժեքը կազմել է 1.168 741 դրամ։ Գիշերավարձի 2 օրվա համար առողջապահության նախարարի տեղակալը վճարել է 87.511 դրամ, իսկ 3 օրվա օրապահիկի համար՝ 140.103 դրամ, որի 1 օրվա վճարը հավասար է 111 եվրոյի։ «Ժողովուրդ» օրաթերթը ո՛չ առողջապահության նախարարությունից, ո՛չ պաշտոնական այլ աղբյուրից այդպես էլ չգտավ տեղեկություն, թե ինչ նպատակով է փոխնախարարը բիզնես կլասով «շտապ գործուղվել» Նիդերլանդներ: Նշենք, որ Լեւոն Հակոբյանը 2019 թվականին աշխատել է որպես ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, իսկ 2020-2023 թվականներին` «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն: 2023-2024 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական: Բժշկական գիտությունների թեկնածու է: Առողջապահության նախարարի տեղակալ կրկին նշանակվել է 2024 թվականի մարտի 27-ին ու համարվում է նախարարի վստահելին եւ «աչքն ու ականջը» թիմի ներսում:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները ապականել են Հայաստանը։ Ներկայիս իշխանությունները 2018-ին իշխանության եկան հենց «Կոռուպցիոն բոլոր շրջանակները վերացնելու» խոստումներով: Նախկին պաշտոնյաները հայտնվեցին նրանց թիրախում, իշխանությունը հարուցեց քրեական գործեր՝ կարծելով, որ կոռուպցիայի առաջ հաղթանակել է։ Սակայն, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը տարվա առաջին կեսին կազմել է 833 դեպք, իսկ հեղափոխությունից մեկ տարի անց՝ 2019-ին՝ 632 դեպք։ 4 տարվա ընթացքում 201 դեպքով ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ Հենց սա էլ հետհեղափոխական պոզով-պոչով կոռուպցիան է, որ կարծես մտնում է ղեկավար մարմինների ԴՆԹ-ի մեջ եւ դառնում ժառանգաբար՝ հորից որդուն փոխանցվող վարակ։ Հարկ է նշել, որ 2024 թվականին կոռուպցիոն բնույթի հանցագործությունները արդեն իսկ կազմել են 648 դեպք. իսկ տարվա ավարտին դեռ 3 ամիս կա:
ՔՊ-ական պատգամավորներն արդեն երեք օր է ստորագրահավաք են սկսել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով: Եթե պատգամավորների 1/3-ը՝ այսինքն 24 պատգամավոր, իրենց ստորագրությամբ համաձայնություն տա, ապա ՔՊ խմբակցության ղեկավարը Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը Փաշինյանի «սեղանին է դնելու»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի դեմ այս ստորագրահավաքի նախաձեռնողը Արփի Դավոյանն է՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ: Վերջինս ՔՊ նախաձեռնող նիստերից մեկի ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ դժգոհել է Գրիգոր Մինասյանից եւ նրա պաշտոնանկության հարցն է բարձրացրել: Նիկոլ Փաշինյանն էլ թիմակիցներին ասել է՝ եթե բավարար չափով ստորագրություններ լինեն, ապա պատրաստ է քննարկել հարցը: Փաշինյանի նախնական «այո»-ն ստանալուց հետո՝ Արփի Դավոյանը լծվել է իր «պարտականության կատարմանը» եւ ստորագրահավաք նախաձեռնել: ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը վաղուց է ՔՊ-ի օրակարգում եղել, խմբակցության ֆորմատով դժգոհությունները մի քանի անգամ քննարկվել ու մարել են, իսկ հիմնական պատճառն էլ նախարարի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործոնն է եղել: Մեզ փոխանցում են նաեւ, որ թեեւ Գրիգոր Մինասյանին հեռացնելու հարցը այս օրերին ՔՊ-ի հիմնական օրակարգն է, բայց դեռ նրան փոխարինող անգամ չունեն: Բացի այդ, Գրիգոր Մինասյանին հրամանով պաշտոնանկ անելուց հետո, ավելի բարդ փորձություն է սպասվում ՔՊ-ականներին, քանի որ պետք է նաեւ Մինասյանի «քաղաքական ընկերոջը»՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին հեռացնեն պաշտոնից, ինչը առավել դժվար է իրավական առումով, քանի որ այն անկախ սահմանադրական մարմին է, եւ ուղղակի հրամանով ազատել չեն կարող: Ուստի, հետաքրքիրն առջեւում է: