ԱԺ ՔՊ խմբակցությունը արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար ստորագրահավաք է սկսել։ Այս մասին հայտնել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա նաեւ հայտնեց, որ ստորագրահավաքն արդեն 2 օր է՝ մեկնարկել է. պատգամավորները դժգոհություն ունեն նախարարի գործունեության հետ կապված։
ArmLur.am-ը հարցի վերաբերյալ զրուցել է ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։
-Պարո՛ն Աղազարյան, հայտնի դարձավ, որ իշխող խմբակցությունը ստորագրահավաք է մեկնարկել արդարադատության նախարարին պաշտոնանկ անելու համար, եւ դիմելու եք Նիկոլ Փաշինյանին: Կխնդրենք նշել պատճառները՝ ինչու հանկարծ նման մտադրություն առաջացավ, եւ ինչքան ժամանակ է, որ ստորագրահավաքը մեկնարկել է:
-Այսօր (խմբ.) ստորագրահավաքի երկրորդ օրն է, եթե չեմ սխալվում: Պատճառների մասին հստակ չեմ կարող ասել, որովհետեւ դեռ քննարկման առարկա չեն դարձել մեզ համար: Նրանք, ովքեր հարմար են գտնում միանալ նախաձեռնությանը, հետո պետք է մյուսներին ներկայացնեն այն հիմնավորումները եւ պատճառները, որը իրենց մղել է այդ քայլը կատարելու:
-Այսինքն՝ նախաձեռնողը չի՞ ներկայացրել հիմնական պատճառների մասին:
-Մասնավոր պատճառներ հայտնի չեն, միայն ընդհանուր պատկերի մակարդակով: Եթե նույնիսկ վաղը կամ մյուս օրը ներկայացվեն այդ պատճառները, դեռ չի նշանակում, որ դրանք բավարար են այդ քայլին գնալու համար: Չհաշված, որ այդ պատճառների մեջ կարող է մեծ դեր ունենալ սուբյեկտիվիզմը, եւ որոշումը արժանահավատ չլինի: Հետեւաբար, դա ընդամենը քննարկման առարկա դարձնելու հնարավորություն կստեղծի:
-Պարո՛ն Աղազարյան, վերջին շրջանում հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց այն, որ արդարադատության փոխնախարար նշանակվեց մեկը, ով լուսանկար ունի ՀՀ երկրորդ նախագահի գրքով եւ մտերիմ է նրա դստեր հետ, այսինքն՝ առնչություն ունի երկրորդ նախագահի հետ, ու հենց դրան հաջորդեց այս գործընթացը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Այդ դրվագը ինքին չի կարող պատճառ հանդիսանալ, որովհետեւ եթե որեւէ մեկը այս կամ այն կերպ առնչություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի եւ կամ նրանց մերձավոր շրջապատի հետ, դա չպետք է պատճառ հանդիսանա, որ տվյալ անձը խնդիր ունենա որեւէ պաշտոն զբաղեցնելու մասով: Հետեւաբար՝ դա չի կարող բավարար հիմք լինել նախարարի գործունեությունը կասկածի տակ դնելու համար:
-Իսկ ե՞րբ եք պատրաստվում արդեն պաշտոնապես դիմել Նիկոլ Փաշինյանին:
-Երբ ստորագրահավաքին միանալ ցանկացող եւ այս քայլին համաձայն անձանց կողմից հավաքված կլինեն բոլոր ստորագրությունները ու գործուղման մեջ գտնվող մեր գոծընկերները, որոնք եւս պատրաստակամ են միանալու, կմիանան, այդ ժամանակ կդիմենք:
-Իսկ կա՞ն պատգամավորներ, ովքեր կտրականապես դեմ են եղել այս նախաձեռնությանը եւ ասել են, որ չեն մասնակցելու:
-Իհարկե կան, քանզի մեր խմբակցությունում միշտ չէ, որ միահամուռ դիրքորոշում ենք ունենում բոլորս, պատահում է հաճախ տեսակետների բախում, բայց երբ որոշում ենք կայացնում՝ բոլորս դառնում ենք նույն որոշման կրողը՝ անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ունի մեզնից յուրաքանչյուրը:
-Պարո՛ն Աղազարյան, իսկ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի եղբոր՝ Միքայել Մինասյանի գործոնը կա՞ այս գործընթացում, քանի որ վերջինս հակաիշխանական տեսակետներ ունի:
-Չեմ կարող ասել, թե նրա եղբոր գործոնը զրոյի է հավասար, թե ինչքան ազդեցութուն ունի՝ չգիտեմ, բայց որ ունի, միանշանակ է:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԲԵՆԶԻՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
Արցախի Հանրապետությունում բենզինի պահեստի պայթյունի հետեւանքով զոհվեց 218, վիրավորվեց 120 քաղաքացի:
Երեկ բենզինի պայթյունի մեկ տարին էր լրացել։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել։
Այն, պայթյուն էր պատերազմի ժամանակ, որն ավելի շատ վնաս պատճառեց, քան Արցախի հանձնման մարտերը։
Արցախի տեղեկատվական շտաբը սեպտեմբերի 25-ի առավոտյան հայտնել էր, որ Արցախից ՀՀ տեղափոխվել ցանկացող բոլոր քաղաքացիներին տրվելու է անվճար վառելիքի հնարավորություն ժամը 14:00-ից՝ Ստեփանակերտի 5 բենզալցակայաններում։ Օրվա ընթացքում հայտնի դարձավ նաեւ, որ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիների մեծ խցանումներ են առաջացել բենզալցակայանների մերձակա տարածքներում։
2023 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, պայթյուն որոտաց, որը դարձավ անհետ կորածների, տասնյակ զոհերի եւ հարյուրավոր մարդկանց վիրավորման պատճառ։
Նույն օրվա դրությամբ վիրավորների մեծամասնության վիճակը գնահատվում էր ծանր եւ ծայրահեղ ծանր։
Արցախի հայաթափմանը զուգահեռ, երբ Կոռնիձորում եւ Գորիսում տեղ ու դադար չկար, պայթյունից տուժածներին ուղղաթիռով տեղափոխում էին Հայաստան։ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չէին մարդկանց կյանքը փրկելու համար։
ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 26-ի առավոտյան հայտնեց, որ բժիշկների թիմը ուղղաթիռով, անհրաժեշտ դեղորայքով եւ բժշկական պարագաներով մեկնել է դեպի Ստեփանակերտ։
Ավելի ուշ ԱԳՆ-ից հայտնեցին, որ աճյունները եւ մասունքները պայթյունի տարածքից հանվել եւ տեղափոխվել են Երեւանի Դատաբժշկական փորձաքննության կենտրոն՝ ԴՆԹ թեստի միջոցով նույնականացում իրականացնելու համար։ Կան նաեւ 50-ից ավելի անհետ կորածներ։
Մինչ այսօր գործի վերաբերյալ հրապարակված որեւէ նորություն չկա, քննությունն ընթանում է։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 221
2020 թվականի մայիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում, բարձրագույն սպայական կազմին ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում զինվորականները պետք է լավ ապրեն»։
Սակայն այդ ելույթից հետո ՀՀ կառավարությունը շարունակ հետեւողականությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերն է բարձրացրել, իսկ զինծառայողներինը՝ ոչ այդքան: Ավելին՝ զինվորականները շատ վատ պայմաններում են ապրում նաեւ զորամասերում. կենցաղը զորամասերում՝ ծակ վրաններ, ցեխերի մեջ մահճակալ կամ պարզապես՝ բաց երկնքի տակ։ Կառավարությունը, բարելավելու փոխարեն, քրեական գործեր է հարուցել տեսանյութեր նկարահանելու եւ այդ պայմանները ցուցադրելու համար։
Զինվորների բնակության վատ պայմանների պատճառը երբեմն նաեւ ողբերգական ավարտ է ունեցել։ Մասնավորապես, 19.01.2023թ. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված տնակներից մեկում հրդեհից զոհվեց 15 զինվոր։