ՀՀ անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել է ուղերձ՝ ուղղված ամերիկահայությանը։ Դրանում Հարիսը աջակցություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքին»։ Դեմոկրատ թեկնածուն նաեւ նկատել է. «մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը», ինչպես նաեւ՝ հանձնառու է «Հայաստանի եւ իր հարեւանների միջեւ ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգող կայուն խաղաղությանը հասնելուն»:
Անդրադառնալով փոխնախագահ Հարիսի հայտարարությանը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է. «Որպես փոխնախագահ՝ Քամալա Հարիսը մի ամբողջ տարի ուներ գործելու Արցախի վերադարձի իրավունքի համար՝ ԱՄՆ առաջնորդությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի միջոցով, սակայն նա այս մասին սկսել է խոսել (ամերիկահայերի, ոչ թե ՄԱԿ-ի անդամ երկրների հետ) ընտրություններից միայն 40 օր առաջ, երբ հայ ընտրողները կարող են վճռորոշ լինել առանցքային «ճոճվող» նահանգներում: Հատկանշական է, որ փոխնախագահ Հարիսը, որի վարչակազմը զինել է Ադրբեջանի ցեղասպանական շրջափակումը եւ հարձակումը Արցախի վրա, մատ անգամ չբարձրացրեց եւ նույնիսկ ձայն չբարձրացրեց 2023 թ. Ադրբեջանի ագրեսիայի դեմ։ Նույնիսկ քարոզարշավի հռետորաբանության մակարդակով նա ոչ մի բառ չի ասել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական սպառազինությունն ու օժանդակությունը դադարեցնելու կամ այլ կերպ Բաքվին, իր հանցագործությունների համար, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Քաղաքական գործիչները՝ նախագահական թեկնածուները եւ այլն, չեն կարող դիրքավորվել որպես հայերի բարեկամներ՝ միաժամանակ հրաժարվելով պատասխանատվության ենթարկել Ալիեւին կամ չկարողանալով զսպել ադրբեջանական ագրեսիան»։
Շաբաթներ առաջ, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմերին ուղղված քննադատությամբ։ Հանձնախումբը, հաշվի առնելով նախընտրական ժամանակահատվածը, ընտրական մրցապայքարի կողմերին առաջարկել էր կոնկրետ գործողություններ, որոնք էական նշանակություն կունենան հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից, մասնավորապես՝ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակության անհապաղ վերացում, ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ թիրախային պատժամիջոցների սահմանում, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի երաշխավորում, արցախցի փախստականներին մարդասիրական օգնության էական աճ եւ այլն։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախընտրական զարգացումների ներկա փուլում ամերիկահայերը կարող են առանցքային դեր ունենալ 2024 թ. նախագահական ընտրությունների արդյունքների վրա, հատկապես մի շարք առանցքային կարեւորության նահանգներում, որտեղ թեկնածուների ձայները չափազանց մոտ են իրար, մասնավորապես Արիզոնայում, Ջորջիայում, Միչիգանում, Նեւադայում, Հյուսիսային Կարոլինայում, Փենսիլվանիայում եւ Վիսկոնսինում։ Այդ նահանգներում առկա են հայահոծ խոշոր համայնքներ:
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԸ ԱՌՈՒԾԱԽՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Լեւոն Սահակյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականին։ Մինչ կենտրոնական բանկ գալը Սահակյանը 2021 թվականին եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական, 2019-2021 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի խորհրդական, նաեւ պատգամավորի օգնական։
Ուսումնասիրելով Լեւոն Սահակյանի հայտարարագիրը՝ հետաքրքիր հանգամանքներ են ի հայտ գալիս։
Նախ՝ անշարժ գույքի մասին
ԿԲ խորհրդի անդամը 2014 թվականին ժառանգություն է ստացել 4 անշարժ գույք, 2 հողամաս եւ մեկ անհատական բնակելի տուն, որոնք գտնվում են Լոռու մարզում։
Հիմա՝ հետաքրքիր հանգամանքի մասին
ԿԲ անդամ Լեւոն Սահակյանը մեկ տարում՝ 2023 թվականին, գնել է 2 մեքենա 17 մլն 175 հազար ընդհանուր արժեքով։
2018 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենան Սահակյանը ձեռք է բերել DanDessert խմորեղենների խանութ ցանցից 7 մլն 400 հազար դրամ արժողությամբ։ Հաջորդը կրկին նույն մակնիշի մեքենա է, սակայն 2020 թվականի արտադրության՝ 9 մլն 775 հազար դրամ արժողությամբ։
DanDessert-ից ծեռք բերված մեքենան վաճառվել է գրեթե 3 մլն դրամով ավելի թանկ՝ 9 մլն 120 հազար դրամով։
Ալեն Սիմոնյանի մտերիմ ընկեր Սահակյանի հայտարարագրերն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ նրա հիմնական անելիքը 2021-2023 թվականների ընթացքում եղել է թանկարժեք մեքենաների առքուվաճառքը։