ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՑՈՂ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 751 816, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 536-ով կամ 4.8%-ով:

 

 

«ՏԱԹԵՎԵՐ»-Ը՝ ԱՌԱՋԱՏԱՐ ՃՈՊԱՆՈՒՂԻ

Սյունիքի մարզում գտնվող «ՏաԹեւեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2024 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2024 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգը 2021 եւ 2023 թ.-ին։ Այժմ այն նույնպես մրցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Աֆրիկայի ճոպանուղիների հետ:

«ՏաԹեւեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է: Այն գրանցվել Է «Գինեսի» ռեկորդների գրքում ոչ միայն իր երկարության շնորհիվ, որը 5752 մ է, այլեւ որպես աշխարհում այս մասշտաբի միակ ինժեներական կառույց, որը կառուցվել է ընդամենը 10 ամսվա ընթացքում: Ճոպանուղու ստեղծման նախագիծն իրականացրել է ավստրիա-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը, որը ճոպանուղիների շինարարության ոլորտում առաջատարն է:

Այս տարի «ՏաԹեւեր» ճոպանուղին կնշի իր գործունեության 14 տարին։ 2010 թ.-ից ի վեր ճոպանուղուց օգտվել է ավելի քան 1,300,000 մարդ: Նրա շնորհիվ Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Տաթեւ։

«Տաթեւեր» ճոպանուղու տնօրեն Մարիյա Բուտենկոն կոչ է անում քվեարկել՝ ընդգծելով, թե ինչ ազդեցություն կունենա հաղթանակը. «Այն կօգնի մեզ շարունակել նպաստել տեղական համայնքի զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանմանը եւ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի առաջխաղացմանը։ Ուստի կոչ եմ անում բոլորին քվեարկել եւ Հայաստանի համար այս կարեւոր ձեռքբերման մաս լինել»։

«ՏաԹեւեր» ճոպանուղու օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է՝

  1. Անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով
  2. Գրանցվել էլեկտրոնային փոստով
  3. Հաստատել ստացված էլ. հաղորդագրությունը
  4. Սեղմել Start Voting կոճակը
  5. Ընտրել World բաժինը
  6. Ընտրել 63-րդ տողը՝ World's Leading Cable Car Ride 2024
  7. Քվեարկել Wings of Tatev, Armenia -ի օգտին։

Քվեարկության վերջնաժամկետը 2024 թ.-ի հոկտեմբերի 20-ն է:

«ՏաԹեւեր» ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթեւի վանքի վերականգնմանն ու համայնքների զարգացմանը:

Ճոպանուղին կառավարվում է Impulse Business Management ընկերության կողմից։

 

 

 

 

ՀԵՏՎՃԱՐԻ ՉԱՓԸ՝ 12 %

Կենսաթոշակների եւ նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12 %՝ նախկին 10%-ի փոխարեն, առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար այսուհետ չի հաշվարկվում։

 

 

ՏՈՄՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ

Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից: Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ. թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային եւ բանկային քարտեր:

 

Team Telecom Armenia

Team Telecom Armenia-ն հայտարարում է ընկերության պատմության մեջ ցանցային ենթակառուցվածքների եւ ծրագրային ապահովման ամենամեծ արդիականացման ծրագրի մեկնարկի մասին: Վերազինման աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ին եւ կավարտվեն հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00- ին։ Այս ժամանակահատվածում անհասանելի կլինեն վճարումները, այդ թվում՝ ընկերության գրասենյակներում, My Team հավելվածի, բանկային եւ երրորդ կողմի ծառայությունների միջոցով։ Հնարավոր է նկատվեն սահմանափակումներ բջջային, ֆիքսված կապի ու ինտերնետ ծառայություններում, ինչպես նաեւ My Team հավելվածի աշխատանքում։ Վերազինման արդյունքում կթարմացվեն ցանցային ու սերվերային սարքավորումները եւ ծրագրային ապահովումը, որը կառավարում է ընկերությունում առկա բոլոր այլ համակարգերն ու հաճախորդների սպասարկման ընթացքը։

Արդիականացման այս ծրագիրն իրականացվում է ծառայությունների ու սպասարկման որակը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։

Հնարավոր անհարմարությունների համար կանխավ հայցում ենք բաժանորդների ներողամտությունը եւ շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար։

 

 




Լրահոս