Մաեստրո Սիփան Օլահը եւ Լոնդոնում գործող հայտնի «Քլինգեն» կամերային անսամբլը հաջողությամբ ավարտեցին իրենց առաջին համերգային շրջագայությունը Հնդկաստանում՝ գերելով հանդիսատեսին Կալկաթայում, Նյու Դելիում եւ Չեննայում։ Այս եզակի ելույթները կազմակերպվել էին Հնդկաստանում Հայաստանի դեսպանության կողմից՝ Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու, Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի (ICCR), Չեննայում Հայաստանի պատվավոր հյուպատոսի եւ Քլինգեն երգչախումբ եւ մշակութային ասոցիացիայի հետ համատեղ: Երաժիշտներ Հայարփի Եղիկյանը` սոպրանո, Պոլինա Շարաֆյանը` ջութակ, Ջեք Հակոբ Մուրադյանը` հոբոյ, Նիկիտա Դեմիդենկոն` դաշնամուր Լոնդոնից` համագործակցելով Վաչե Թադեւոսյանի հետ` անգլիական փող, Սոմնաթ Մախալը` թավջութակ Կալկաթայից, իրենց կատարումներով գերեցին հանդիսատեսին:
Մշակութային Փոխանակման Տոն Համերգաշարը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 33 ամյակին եւ ֆրանսահայ լեգենդար երգիչ, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի ծննդյան 100 ամյակին։ Ներկայացումներում հնչեցին հայ նշանավոր կոմպոզիտորների գլուխգործոցները, այդ թվում՝ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ղազարոս Սարյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի գործերը, որոնցից շատերը առաջին անգամ էին հնչում Հնդկաստանում։
Կալկաթա – Համերգաշարի բացման հանդիսությունը տեղի ունեցավ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Կալկաթայի Հայկական քոլեջում եւ Մարդասիրական ակադեմիայում։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի դեսպանության եւ Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու համագործակցությամբ։ Ներկայացումներն իրենց մասնակցությամբ արժեւորեցին մաեստրո Սիփան Օլահը, Քլինգեն կամերային անսամբլը եւ Հայկական քոլեջի քառաձայն երգչախումբը։ Այս միջոցառումը նշանավորվեց առաջին հայկական դասական համերգի կազմակերպմամբ Կալկաթայում՝ նշելով Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ պատմական խոր կապերը։
Նյու Դելի – 2024 թվականի սեպտեմբերի 19-ին եւ 20-ին, Քլինգեն կամերային անսամբլի համերգները տեղի ունեցան համապատասխանաբար Grand Hotel- ում եւ ICCR-ի «Ազադ Բհավան» համերգասրահում։ Սեպտեմբերի 19-ի միջոցառումը կարեւորվեց Հնդկաստանի արտաքին գործերի պետական նախարար Կիրթի Վարդան Սինգհի մասնակցությամբ, ով միացավ Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանին՝ նշանավորելու այս կարեւոր մշակութային իրադարձությունները։ Միջոցառմանը ներկա էին ավելի քան 50 դեսպաններ, դիվանագետներ եւ ավելի քան 200 հարգարժան հյուրեր, ովքեր մեծ հիացմունքով ընդունեցին մաեստրո Օլահի ղեկավարած անսամբլի կատարումները։ Երրորդ համերգի ընթացքում անսամբլի անդամները Ռոտարի շրջանների կողմից արժանացան հատուկ մրցանակների՝ ICCR-ում իրենց վառ ելույթի համար, որն արժանացավ հանդիսատեսի բուռն ծափահարությունների եւ հիացմունքի:
Չեննայ – Համերգային շրջագայության եզրափակիչ համերգը տեղի ունեցավ 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Taj Club House հյուրանոցում։ Այս միջոցառումը կազմակերպվել էր Չեննայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Շիվկումար Իշվարանի հետ համատեղ։ Ելույթները, որոնք եւս մեկ անգամ նշեցին Հայաստանի անկախությունը եւ Ազնավուրի հարյուրամյակը, արժանացան հիացմունքի եւ հատուկ հուշանվերների՝ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ մշակութային փոխանակման գործում ունեցած ներդրման համար:
Հ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ՌԵՄԱՐԿ
Էրիխ Մարիա Ռեմարկը գերմանացի գրող է, ով առավել հայտնի է իր հակապատերազմական վեպերով։ Ռեմարկը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ինչը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ նրա գրականության վրա։
Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Արեւմուտքի ճակատում փոփոխություն չկա» (1929), պատկերում է պատերազմի անարդարությունը եւ դրա կործանարար ազդեցությունը զինվորների հոգեբանության վրա։ Այս վեպը համարվում է հակապատերազմական գրականության գլուխգործոցներից մեկը։
Ռեմարկի ստեղծագործությունները հաճախ կենտրոնանում են մարդկային կորուստների, ապրումների եւ պատերազմի պատճառած վերքերի վրա։ Նացիստական վարչակարգի ժամանակ նրա գրքերը արգելվեցին Գերմանիայում, եւ գրողը ստիպված էր արտագաղթել ԱՄՆ։
Ռեմարկի մյուս հայտնի գործերն են «Վերադարձ» (1931), «Հաղթական կամար» (1946), «Կյանքի կայծը» (1952), որոնք նույնպես շոշափում են պատերազմից հետո մարդկային կյանքերի վերականգնման եւ պայքարի թեմաները։
Չնայած նրան, որ Ռեմարկը երկրային կյանքում չկա, նրա ստեղծագործությունները մինչ օրս ամենաըներցվածներից եւ սիրվածներից են, որոնք ցավոք սրտի կամ բարեբախտաբար՝ չեն կորցնում իրենց արդիականությունը։
Սեպտեմբերի 25-ը Էրիխ Մարիա Ռեմարկի հիշատակի օրն է։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է գրողի հայտի մի քանի մտքեր։
«Պատերազմը չի ավարտվում, երբ կրակոցները դադարում են։ Այն ապրում է մարդկանց մեջ երկար ժամանակ՝ քանդելով նրանց ներսից»։
«Մենք ապրում ենք՝ սպասելով մահվան, եւ մահանում՝ երազելով կյանքը»։
«Մարդկային կյանքի ամենաբարձր արժեքը հանգստությունն է։ Մենք այն փնտրում ենք ամբողջ կյանքում»։
«Սերը չի հանդուրժում բացատրություններ, նրան արարքներ են պետք»։
«Մարդիկ հաճախ իրենց մեջ ատում են այն, ինչ չեն կարողանում փոխել»։
Ահա այսպես է հանրահայտ եւ սիրված գրողը գրել եւ հասել իր ընթերցողի հոգու խորքը։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ