Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը, եւ պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, սակայն չհուղարկավորված զինվորի մարմին ու մասունք կա տարբեր դիահերձարաններում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Պատերազմից 4 տարի անց զոհվածների ծնողները հրաժարվում են ընդունել ԴՆԹ փորձաքննության արդյունքները։ Պատճառներից հիմնականն այն է, որ ծնողները չեն վստահում պատկան մարմինների աշխատանքին՝ համարելով, որ ԴՆԹ նույնականացմամբ ստացված տվյալները հեռու են իրականությունից։
Դեռեւս 2023 թվականին անհետ կորածների հարազատների հետ պարբերաբար հանդիպումներ ունեցող Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրապարակային հայտնել էր. «Մենք գործ ունենք այնպիսի իրողությունների հետ, որ պատկան մարմինները մարդկանց տվել են, օրինակ, երեք ձեռք, ասել են՝ երեք ձեռքն էլ ձեր որդունն է, տարե՛ք, հուղարկավորե՛ք։ Մի ծնող 1.82 մետր՝ բարձր հասակով տղա ունի, տղան 43 համարի կոշիկ է հագել, բայց, ըստ էության, ծնողին տվել են շատ ավելի փոքր՝ 1.60 մետր հասակով ԴՆԹ նույնականացման տվյալներ եւ ասել, որ պետք է հարմարվեք այդ իրավիճակին, Ձեր երեխան է:
Այսինքն՝ նույնականացման դաշտում տեղի են ունենում իրադարձություններ, որ ուղղակի սյուրռեալիզմի դրսեւորում են»:
Ծնողների` ԴՆԹ փորձաքննության արդյունքներին չվստահելու պատճառներից մեկն էլ այն է, որ զինծառայողի ֆիզիկական տվյալների եւ պետության կողմից նույնականացված մարմնի միջեւ ակնհայտ տարբերություն է գրանցվել։ Բացի դրանից, եղել են դեպքեր, երբ ծնողներն իրենց ուսումնասիրություններով պարզել են, որ իրենց որդին գերեվարված է, բայց անունը գերեվարվածների ցուցակում ներառված չէ։ «Ծնողներ կան, ովքեր ահռելի հետաքննական աշխատանք են կատարել, ուսումնասիրել են տարբեր կադրերով, կարելի է ասել՝ քննչականից ավելի շատ փաստեր են հավաքել իրենց որդիների գտնվելու վայրի եւ, ընդհանրապես, զոհվելու կամ չզոհվելու հանգամանքների, գերի ընկնելու հանգամանքների մասին, եւ այդ տվյալները, երբ այսպես համեմատում են եւ ամփոփում, ստացվում է, որ նրանց զավակները առնվազն չհաստատված գերիների ցանկում պիտի լինեն, բայց, փաստորեն, որեւէ կերպ այդ գերիները չեն հաստատվում», – նշել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Այս իրավիճակից շատ բան չի փոխվել 4 տարի անց:
ՔՊ-ում ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար մոտ 30 ստորագրություն է դեռ հավաքվել: Թեեւ Նիկոլ Փաշինյանին նախարարի հրաժարականի հարցով դիմելու համար անհրաժեշտ 24 ձայնը հավաքվել է, բայց, փաստացի, 71 անձից բաղկացած խմբակցությունում դեռ 30 ստորագրություն են գրեթե հավաքել երեկվա դրությամբ: Կարելի է հետեւություն անել, որ կա՛մ ՔՊ-ում նախարարի պաշտոնանկությունը ոչ միանշանակ է ընդունվել, կա՛մ էլ ՔՊ-ականներին հետ է պահում այն, որ այս նախաձեռնության «գլխին» Արփի Դավոյանն է կանգնած: Գրիգոր Մինասյանի հեռացման հարցը պետք է նախ քննարկվի ՔՊ խմբակցության նիստի ընթացքում, ապա ՔՊ ղեկավար Հայկ Կոնջորյանը ՔՊ-ականների ստորագրությունները պետք է ներկայացնի Նիկոլ Փաշինյանին: Ի դեպ, ՔՊ-ից մեզ ասացին նաեւ, որ քիչ ստորագրությունների պատճառ կարող են լինել պատգամավորների գործուղումները, քանի որ այս օրերին իշխանականների մեծ մասը բացակայել է երկրից, մի մասն էլ խուսափում է ստորագրել, քանի որ կարծում են՝ գուցե այնքան էլ Փաշինյանի սրտով չէ այս նախաձեռնությունը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այս օրերին պաշտոնական այցով ԱՄՆ-ում է. ուստի դեռ թիմակիցներին իր հստակ որոշման մասին չի հայտնել:
Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանին ԱՄՆ կառավարությունը 20 միլիոն դոլար է տրամադրելու, որը թեեւ մեծ գումար է թվում, բայց արժեզրկվում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումների ֆոնին: «Ժողովուրդ» օրաթերթը օրինակներով ցույց կտա, թե ՀՀ իշխանությունը նման գումարներն ինչպես է ծախսում-մսխում: ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենը եւ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը, անդրադարձ կատարելով Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին, հայտարարել են՝ հետագա զարգացումները խթանելու նպատակով Միացյալ Նահանգների կողմից ՀՀ-ին 20 մլն 600 հազար ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։ 20 մլն 600 հազար դոլարը համարժեք է մոտ 7 մլրդ 981 մլն դրամի։ Ինչ խոսք, լավ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին այդքան մեծ օգնություն է ուղարկում, բայց խիստ կասկածելի է, թե ինչպես կօգտագործի այս գումարը իշխանությունը: Թերթենք ԱՆԻՖ-ի հաշվետվությունները։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2019 թվականի մայիսին ստեղծվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ԱՆԻՖ), որի ծրագրերի համար ՀՀ պետբյուջեից ներդրվեց 4 մլրդ 734 մլն ՀՀ դրամ՝ գրեթե 13 մլն դոլար: Այսինքն՝ պետությունը խոշոր ներդրում արեց, որը ձախողվեց, եւ 5 տարի անց պետությունն ԱՆԻՖ-ին անհատույց հատկացրեց եւս 1 միլիարդ 700 միլիոն դրամ պարտավորությունների մարման համար։ Այսինքն, ԱՆԻՖ-ը, 13 մլն դոլարի ներդրմամբ բացվելուց հետո, 5 տարի գործեց անօգուտ եւ դեռ 5 միլիոն դոլար էլ հատկացվեց, որ լուծարվի: Ու հիմա, երբ համեմատում ենք 20 մլն ԱՄՆ դոլարի օգնության սպասումը եւ ԱՆԻՖ-ի համար մեր աղքատիկ բյուջեից կատարած ծախսերը, տեսնում ենք, որ դրանք գրեթե հավասար են, քանզի ԱՆԻՖ-ն «արժեցավ» 18 մլն դոլար։
Շարունակ լսում ենք հեքիաթ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իսկ ընդհանուր հանցագործությունների թիվը ՀՀ-ում 2017 թվականի համեմատությամբ կրկնապատկվել է։ Բոլոր ժամանակների հեղափոխականները փայլել են խոսքի ճարտարությամբ (Ռոբեսպիեր, Լենին, Ֆիդել Կաստրո), ըստ որի՝ հասարակությանը սկզբում կարողացել են ներարկել «նախկինների» կողմից, դիցուք, հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքար չծավալելու կեղծ թեզը, իսկ հիմա տապալում են ամեն ոլորտ: Իհարկե, առաջիկայում կներկայացվի առավել դետալային վերլուծություն՝ «հանցավորության մակարդակը ՀՀ-ում մինչ եւ հետհեղափոխական ժամանակաշրջանում»։ Այժմ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի տվյալ (եւ փաստաթուղթ) է ներկայացնում. 2017 թվականին ՀՀ-ում կատարվել է 20 հազար 285 հանցագործություն: 2023 թվականին այն կրկնապատկվել է, ինչը աննախադեպ է պետությունների իրավական վիճակագրության մեջ` 40 հազար 666 դեպք։ Իսկ մինչհեղափոխական շրջանում՝ 2017 թվականին, ՀՀ իրավապահ համակարգում քննվել է միայն կոռուպցիոն բնույթի 500 գործ (քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց ցանկը, ըստ ոլորտների, ներկայացվում է ArmԼur.am կայքի սույն լուրի մեջ 26.09.2024 ամսաթվով)։