Պետքարտուղար Բլինքենը եւ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը, անդրադարձ կատարելով Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին, հայտարարել են հետագա զարգացումները խթանելու նպատակով Միացյալ Նահանգների կողմից 20 միլիոն 600 հազար դոլար տրամադրելու մասին։
Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Նոր ֆինանսական հանձնառությունները, որոնց մասին հայտարարվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում, կուղղվեն կառավարության բարեփոխումներին եւ կնպաստեն հանրային ծառայությունների բարելավմանը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Ժողովրդավարությունն արդյունավետ է» նախաձեռնության շրջանակում։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի ունեցած ԱՄՆ ՄԶԳ-ի «Ժողովրդավարությունն արդյունավետ է» խորագրով միջոցառմանը՝ Կոնգրեսի հետ աշխատանքներն ամփոփելով՝ ԱՄՆ ՄԶԳ-ը եւ Պետքարտուղարությունը հայտարարեցին կիբերանվտանգության, սահմանային անվտանգության եւ էներգետիկ անվտանգության մեծացման եւ բարդ սպառնալիքների ու մարտահրավերների նկատմամբ դիմակայունության ամրապնդման հարցերում Հայաստանին աջակցելու նպատակով 20 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։
Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ն հայտարարել է նաեւ 600.000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին, որը «Տեղեկատվական բարեվարքության եւ դիմակայունության բարելավման նախաձեռնության» (ProInfo) շրջանակում կուղղվի ազդեցիկ ու հանրային հետաքրքրություններից բխող լրագրություն ապահովելու նպատակով անկախ լրատվամիջոցների տեխնոլոգիական արդիականացմանը, մեդիա եւ տեղեկատվական գրագիտության հարցերում նորարարությունների խթանմանը եւ Հայաստանում մեդիա ոլորտի առանցքային բարեփոխումների ջատագովման աշխատանքներին։
Հայաստանի համար նախատեսված նոր 20.600.000 ԱՄՆ դոլար աջակցությունը ապահովվում է ի լրումն մոտ 11,9 միլիոն ԱՄՆ դոլարի, որի մասին հայտարարվել էր ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերի այս տարվա հուլիսին Հայաստան կատարած այցի ընթացքում։ Ֆինանսավորումը միտված է տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, թվային լուծումների խթանմանը եւ աղետների արձագանքման պատրաստականության մեծացմանը։
Ժողովրդավարական զարգացումների ճանապարհին գտնվող այլ երկրների ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին միջոցառմանը ներկա՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց երկրի ժողովրդավարական առաջընթացը՝ ողջունելով նոր ներդրումներն ու համագործակցությունը ժողովրդավարական դիմակայունության մեծացման ուղղությամբ։
Պետքարտուղար Բլինքենը եւ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը դեռեւս 2022թ. մեկնարկեցին «Ժողովրդավարությունն արդյունավետ է» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով ձեւավորել շահագրգիռ կողմերի ու գործընկերների միասնական հարթակ, որի միջոցով ռեսուրսներ կապահովվեն ժողովրդավարական վերելքի ճանապարհին գտնվող երկրներին՝ օգնելու երկրի քաղաքացիների համար շոշափելի ու տեւական արդյունքների ապահովման հարցում։ Այս ռեսուրսները միտված են աջակցել կառավարության բարեփոխումներին եւ հանրային ծառայությունների բարելավմանը՝ առաջնահերթ դիտարկելով քաղաքացիների կարիքներին արձագանքելու հարցերը եւ թափանցիկության ու հաշվետվողականության մեծացումը։
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ «ՏԵՂՅԱԿ ՉԵՆ»
Չնայած ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ արդեն երկու օր է ստորագրահավաք են իրականացնում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հեռացնելու համար՝ բայց պարզվում է՝ ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը տեղյակ չէ, որ իրենց խմբակցությունում ստորագրահավաք է անցկացվում, կամ էլ, հավանաբար, անցանկալի հարցերից են խուսափում։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանից հետաքրքրվեցինք՝ միացե՞լ է նախարար Մինասյանի դեմ ստորագրահավաքին, ինչպե՞ս է վերաբերում դրան. Էմմա Պալյանը, սակայն, մեր հարցերին ի պատասխան, ասաց, թե տեղյակ չէ, քանի որ խմբակցությունից պաշտոնապես նման բան չեն հայտարարել, իսկ երբ ասացինք, որ իրենց թիմակից Հովիկ Աղազարյանը երեկ լրատվամիջոցներին պաշտոնապես հայտարարել է, Էմմա Պալյանը շարունակեց պնդել, որ ինքը տեղյակ չէ։
«Ես չեմ տեսել մամուլում որեւէ պաշտոնական հայտարարություն, պաշտոնական կլինի այն դեպքում, երբ խմբակցությունը պաշտոնապես հանդես կգա հայտարարությամբ», – ասաց նա։
Մեր հարցերին նման պատասխան տվեց նաեւ Կարեն Սարուխանյանը. «NO comment իմ մասով, այդ մասով չեմ ուզում ոչինչ ասել, Հովիկ Աղազարյանից հարցրեք»:
Երբ հետաքրքրվեցինք՝ ինչպես է վերաբերում Գրիգոր Մինասյանի դեմ այս նախաձեռնությանը, կամ ինչու հենց այս փուլում հիշեցին նրա պաշտոնանկության մասին, Կարեն Սարուխանյանը կրկին ասաց՝ «Ես տեղյակ չեմ»:
Էդգար Հակոբյանը եւ Հակոբ Ասլանյանը պատճառաբանեցին, որ քաղաքում չեն եղել այս ընթացքում։
ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը եւս տեղյակ չէր ստորագրահավաքի մասին, երբ հետաքրքրվեցինք՝ ինչ կարծիք ունի Գր. Մինասյանի աշխատանքի վերաբերյալ, կո՞ղմ է, որ հեռացնեն նրան, Մելքոնյանը նման պատասխան տվեց՝ դա չեմ կարող ասել։
Ստացվում է՝ ՔՊ-ում արդեն երեք օր է ստորագրահավաք են իրականացնում, որ արդարադատության նախարարին հեռացնեն, բայց պատգամավորներն անտեղյակ են ձեւանում։
ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՐԵՎԱՆԸ ԲԱՔՎԻՆ
Մինչ Ադրբեջանի նախագահը շարունակում է մեղադրել Երեւանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ժամանակ ձգելու մեջ եւ նոր նախապայմաններ է դնում Հայաստանի առջեւ՝ Նիկոլ Փաշինյանը տարբեր բարձր ամբիոններից առիթը բաց չի թողնում հայտարարելու՝ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ:
Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է՝ Երեւանը Բաքվին առաջարկել է խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները ստորագրել մինչեւ նոյեմբերի 29-ը։
Նա նաեւ հավելել է, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն եւ ներկա դինամիկան փոխակերպելու համագործակցության։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւս Նյու Յորքում Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր, ինչին եւ ուղղված է եղել պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ-ի կողմից ներկայացված վերջին առաջարկը։
Չնայած հայկական կողմի՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու այս շտապողականությանը՝ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ հակառակ պարագայում Բաքուն սպառնում է խաղաղության պայմանագիր չստորագրել։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը, իսկ Երեւանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։
Նյութերը՝ ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
ԻՍՐԱՅԵԼ-ԼԻԲԱՆԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՄԱՍԻՆ
Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ մի շարք դաշնակիցներ կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայել-Լիբանան սահմանին՝ միաժամանակ աջակցություն հայտնելով Գազայում կրակի դադարեցմանը:
«Իրավիճակը Լիբանանի եւ Իսրայելի միջեւ 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր անտանելի է եւ ներկայացնում է ավելի լայն տարածաշրջանային էսկալացիայի վտանգ, ինչն անընդունելի է: Սա ոչ ոքի շահերից չի բխում՝ ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Լիբանանի ժողովրդի: Ժամանակն է հասնել դիվանագիտական կարգավորման, որը թույլ կտա սահմանի երկու կողմի խաղաղ բնակիչներին՝ ապահով վերադառնալ իրենց տներ»,- ասված է հայտարարության մեջ։
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հույս է հայտնել, որ հրադադարը շուտ կհաստատվի, սակայն նաեւ հայտարարել է, որ դրա իրականացման համար կարեւոր գործոն է, թե որքանով է Իսրայելը հավատարիմ միջազգային իրավունքին:
ԶԵԼԵՆՍԿԻԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ՝ «ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼ»
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի դիրքորոշումը «Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու» վերաբերյալ սխալ է եւ հետեւանքներ կունենա Ուկրաինայի համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իմ տեսանկյունից` նման դիրքորոշումը ճակատագրական սխալ է: Ճակատագրական սխալ, համակարգային սխալ, սա խորագույն մոլորություն է, որն, իհարկե, անխուսափելիորեն հետեւանքներ կունենա Կիեւի վարչակարգի համար», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Զելենսկին, սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, դեմ է արտահայտվել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար Ռուսաստանի հետ բանակցություններին։ Բացի այդ, նա կրկին հանդես է եկել իրավիճակի կարգավորման համար իր «խաղաղության բանաձեւն» օգտագործելու օգտին։
Սեպտեմբերի 24-ին Զելենսկին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ նրա «հաղթանակի ծրագիրը» կապ չունի Ռուսաստանի հետ բանակցությունների հետ, այլ ուղղված է Ուկրաինայի զինված ուժերի հզորացմանը։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնության նպատակը հակամարտությանն արագ վերջ տալն է, այլ ոչ թե մի քանի տարի ձգձգելը։
Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Զելենսկիի հայտարարություններն իր «հաղթանակի ծրագրի» վերաբերյալ, նշել է, որ Մոսկվան գիտակցում է Կիեւի ռեժիմի էությունը, շարունակում է «հատուկ գործողությունը» եւ հասնելու է իր առջեւ դրված բոլոր նպատակներին։