Պետական եկամուտների կոմիտեում «Կանտուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնվել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագիր։
Կոմիտեն, ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, օրինապահության հավաստագրի տրամադրման միջոցով հավաստում է տնտեսական գործունեություն իրականացնող անձանց օրինապահությունը, որոնց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման անհրաժեշտություն չի առաջանում:
Օրինապահության հավաստագիր ստացած տնտեսական գործունեություն իրականացնող անձինք հնարավորություն ունեն օգտվելու Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արագացված եւ պարզեցված ընթացակարգերից։
Կոմիտեն տեղեկացնում է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագիրը տրամադրվում է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի թիվ 797-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Անհրաժեշտ է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձինք համապատասխանեն կարգով սահմանված օրինապահության չափանիշներին։
UBPay ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԻԱՑԵԼ Է IAMTN ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ
UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգը դարձել է Դրամական փոխանցումների ցանցերի միջազգային ասոցիացիայի՝ IAMTN-ի անդամ:
IAMTN-ը միավորում է բանկերին, վճարային համակարգերին, էլեկտրոնային փողի կազմակերպություններին եւ բջջային օպերատորներին: Ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է կառավարությունների, վերահսկող մարմինների, ասոցիացիաների եւ մասնավոր ընկերությունների հետ՝ ավելի անվտանգ, հուսալի, արագ, մատչելի եւ թափանցիկ ձեւով միջազգային փոխանցումների եւ վճարումների իրականացման գործընթացին աջակցելու համար:
UBPay-ը ապահով եւ արագ դրամական փոխանցումների հարթակ է Հայաստանում եւ ամբողջ աշխարհում բանկերի եւ վճարային կազմակերպությունների համար: UBPay-ի օպերատոր եւ հաշվարկային բանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է՝ «Յունիբանկը»:
ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾ
Կառավարության երեկվա նիստում հաստատվեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը, որի եկամուտները նախատեսվում են 2 տրլն 873.1 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 759.9 մլրդ դրամ:
Բյուջեի ծախսերը 2025թ. նախատեսվում են 3 տրլն 482.4 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրլն 749.2 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733.2 մլրդ դրամ, ըստ որում, կապիտալ ծախսերը նախատեսվում են զգալիորեն բարձր մակարդակում՝ տնտեսական եւ անվտանգային ենթակառուցվածքների ամրապնդման համար։
Բյուջեի պակասորդը նախատեսվում է 609.4 մլրդ դրամ:
«2025 թվականի բյուջեով կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3,5 տոկոս, միջին գնաճը՝ 3,5 տոկոս»,-ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԳԱԶ ԳՆԵԼՈՒ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չի բացառում Ադրբեջանից գազ ներկրելու շուրջ քննարկումները։ Նրա կարծիքով՝ երրորդ մատակարարից գազ գնելու հնարավորությունը մեծացնում է էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը։
«Եթե մենք ժամանակին գազ գնում էինք միայն Ռուսաստանից, հետո սկսեցինք գնել նաեւ Իրանից, երրորդ մատակարարից գազ գնելու հնարավորությունը մեծացնում է էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը»,-նշել է Բաբկեն Թունյանը: