Ապրիլի 1-ին նշվում է Թռչունների միջազգային օրը, որը զուգադիպում է ձմեռումից նրանց վերադարձի հետ:
1902 թվականի մարտի 19-ին ընդունվել է «գյուղատնտեսության մեջ օգտակար թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան», որն ստորագրել են տասից ավելի պետություններ:
Այն ուժի մեջ է մտել 1905 թվականի դեկտեմբերի 12-ին: 1950 թվականի հոկտեմբերի 18-ին Փարիզում ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան», որը փոխարինել է նախորդ փաստաթղթին:
Իսկ բուն թռչունների օրը կապում են 1894 թվականին ամերիկյան Օյլ-Սիթի փոքր քաղաքի ուսուցիչ Չարլզ Բեբկոկի կողմից կազմակերպված մանկական տոնի հետ: Շուտով Թռչունների օրը՝ որպես ժողովրդական տոն, սկսել են լայնորեն նշել երկրի բոլոր նահանգներում:
Տոնի նպատակը թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումն է: Թռչնաբանները նախազգուշացնում են՝ թռչունների անհետացումը կբերի էկոլոգիական աղետի, իսկ դրա հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել մարդու համար: Նրանց կարծիքով՝ թռչունների ոչնչացումը անդառնալի վնաս կհասցնի կենսաբանական բազմազանությանը: