Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության շուրջ ՔՊ-ում տեղի ունեցող խմորումները կարծես թե հասան նպատակին։
Առավոտյան ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։
«Ժողովուրդ» օրաթերթն գրել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավորները ստորագրահավաք են իրականացնում Գրիգոր Մինասյանին հեռացնելու համար, սակայն 71 պատգամավորներից 27-ն է միայն միացել նախաձեռնությանը։
Ավելի վաղ հայտնել էինք նաեւ, որ Գրիգոր Մինասյանի դեմ այս արշավի կազմակերպիչն է ՔՊ-ական Արփի Դավոյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ։
Մինասյանի դեմ դավեր նյութողների թվում է նաեւ Լուսինե Բադալյանը՝ Լուլուն։ Արփի Դավոյան-Լուսինե Բադալյան-Անդրանիկ Քոչարյան եռյակը կուսակցության դռնփակ նիստերից մեկի ժամանակ հրապարակավ բողոքել է, որ դժգոհ է նախարար Գրիգոր Մինասյանի աշխատանքից, քանի որ նա Միքայել Մինասյանի եղբայրն է, եւ հայտարարել են, որ այդ պատճառով էլ նրա պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են սկսելու։ Սակայն եռյակի այս նախաձեռնությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվել ՔՊ-ում, անգամ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ ինքը գոհ է Գրիգոր Մինասյանի աշխատանքից ու պատգամավորներից պահանջել է՝ հիմնավոր պատճառներ ներկայացնեն, թե ինչու նախարարը պետք է պաշտոնանկ արվի։
Ճնշումների արդյունքում Մինասյանը ազատման դիմում ներկայացրեց, ինչպես օրեր առաջ նման ճնշումների արդյունքում նորանշանակ փոխնախարար Սիվիկ/Սիրվարդ Գևորգյանը։
Նախարարի աշխատանքից ազատման դիմումը կա, սակայն վարչապետը այն կստորագրի , թե ոչ՝ հարցական է։
Այնուամենայնիվ, փաստն այն է, Նիկոլ Փաշինյանը գոհ է Մինասյանի աշխատանքից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան