Քննչական կոմիտեն որոշում է կայացրել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղեկալի որդու՝ թմրանյութի գործով:
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:55-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Գեորգի Ապրիամովն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Շոպրոնի փողոցում՝ թիվ 77 հասցեի մոտ, բախվել է կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային։ Նրա կողմից վարած ավտոմեքենայում հայտնաբերվել են կաթոցիչներ, թմրանյութի նմանվող զանգվածներ և այլ կասկածելի իրեր։
ArmLur.am-ը դիմել է կոմիտեին՝ հասկանալու, թե ինչ փուլում է գտնվում գործը։ Ի պատասխան՝ հայտնեցին․
«2024թ․ օգոստոսի 22-ին Նոր Նորք վարչական շրջանում ծառայություն իրականացնելու ընթացքում պարեկային ծառայության աշխատակիցները Երևան քաղաքի Շոպրոն փողոցի 77 հասցե մոտ նկատել են, որ “Հոնդայ” մակնիշի ավտոմեքենայի վարորդը դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ։ Վերջինս հայտնել է, որ օգտագործել է թմրամիջոց, ինչպես նաև նշել է, որ իր ավտոմեքենայում գտնվում է իր կողմից օգտագործված թմրամիջոցի կաթոցիչը, թմրամիջոցի մի մասը, ինչպես նաև ավտոմեքենայի նստատեղերի պահոցում առկա է թվով 6 սրվակ “մեթադոնային լուծույթ”, որը պատկանում է իրեն։ Նույն օրը նշված անձը տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ նշված անձը՝ Գ․Ա․-ն, իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և իր կողմից շահագործվող ավտոմեքենայում ապօրինի պահել «MDMB(N)-2201» տեսակի թմրամիջոց կրող բուսական զանգված» տեսակի, ընդհանուր խոշոր չափի՝ 0.43 գրամ քաշով թմրամիջոց, ինչը հայտնաբերվել և վերցվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում։
Փաստերի հիման վրա նշված անձի՝ Գ․Ա-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան ներկայացվել է մեղադրանք։ Նրա նկատմամբ կիրառվել են բացակայելու արգելք և 3․000․000 ՀՀ դրամի չափով գրավ խափանման միջոցները։ 2024թ․ սեպտեմբերի 25-ին քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու հարցը լուծելու նպատակով»։
Գ. Ապրիամովի հայրն՝ Էնրիկո Ապրիամովը կոչումով գեներալ-լեյտենանտ է և բարձ պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում, այդ թվում՝ եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան