ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության շուրջ ՔՊ-ում նոր խմորումներ են տեղի ունենում։ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավորները ստորագրահավաք են իրականացնում Գրիգոր Մինասյանին հեռացնելու համար, սակայն 71 պատգամավորներից 27-ն է միայն միացել նախաձեռնությանը։ Ավելի վաղ հայտնել էինք նաեւ, որ Գրիգոր Մինասյանի դեմ այս արշավի կազմակերպիչն  է ՔՊ-ական Արփի Դավոյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ Մինասյանի դեմ դավեր նյութողների թվում է նաեւ Լուսինե Բադալյանը՝ Լուլուն։ Արփի Դավոյան-Լուսինե Բադալյան-Անդրանիկ Քոչարյան եռյակը կուսակցության դռնփակ նիստերից մեկի ժամանակ հրապարակավ բողոքել է, որ դժգոհ է նախարար Գրիգոր Մինասյանի աշխատանքից, քանի որ նա Միքայել Մինասյանի եղբայրն է, եւ հայտարարել են, որ այդ պատճառով էլ նրա պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են սկսելու։ Սակայն եռյակի այս նախաձեռնությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվել ՔՊ-ում, անգամ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ ինքը գոհ է Գրիգոր Մինասյանի աշխատանքից ու պատգամավորներից պահանջել է՝ հիմնավոր պատճառներ ներկայացնեն, թե ինչու նախարարը պետք է պաշտոնանկ արվի։

Ստորագրահավաք նախաձեռնողներն էլ, որպես պատճառ, նշել են նախարարի եղբոր՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործոնը։ Ներկա ՔՊ-ակաները, սակայն, ասել են, որ Գրիգոր Մինասյանն արդեն երկու տարի է պաշտոնավարում է, ու ամենեւին նորություն չէ, որ Միքայել Մինասյանի եղբայրն է. ուստի չի կարող դա պաշտոնանկության համար լուրջ հիմք ընդունվել, ավելին՝ կարող է ծիծաղելի դիտարկվել։

Անդրանիկ Քոչարյանն էլ այդ պահին հանկարծ թիմակիցների մոտ հայտարարել է, թե Գրիգոր Մինասյանը Բեռլինում բնակարան է ձեռք բերել, ու թիմակիցներին վստահեցրել է, որ կոռուպցիոն միջոցներով է դա եղել, սակայն դարձյալ չի հիմնավորել իր ասածը։ ՔՊ-ականներն էլ իրենց հերթին հակադարձել են, որ պետք չէ «օդում խոսել», գոյություն ունի իրավապահ համակարգ, կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողով, թող դիմեն, եթե իսկապես ապացուցվի, որ նախարարը կոռուպցիոն միջոցներով է բնակարան ձեռք բերել, կամ բերել է իսկապես, ապա իրավապահներն արդեն այդ հարցով կզբաղվեն։

Կարճ ասած՝ նախարարի պաշտոնանկության մասով ներիշխանական խարդավանքները դեռ շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը հիմնավորումների է սպասում:

Հավելենք նաեւ, որ երեկ՝ երեկոյան, ԱԺ քառօրյա նիստից առաջ ՔՊ խմբակցության նիստ է հրավիրվել, որի ժամանակ Արփի Դավոյանը դիմել է Հայկ Կոնջորյանին՝ տեղեկանալու՝ արդյոք կա նորություն ստորագրահավաքի փաստաթղթերից, Կոնջորյանն արձագանքել է, որ փաստաթղթերը փոխանցել է Նիկոլ Փաշինյանին, ու հաջորդ քայլը կքննարկեն արդեն վարչությունում:

Այժմ սպասում են պատասխանին:

 

 

 

Երեւանի քաղաքապետարանը միջոցառման համար ավելի շատ գումար է ծախսել, քան Երեւանում նոր ծառերի տեղադրման համար։ Սեպտեմբերի 17-24-ը բացօթյա ձեւաչափով Թումանյանի անվան այգում կայացավ «Երեւան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երեւանյան միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել աշխարհի լավագույն եւ ճանաչված նվագախմբերը: Հայաստանյան երաժշտախմբերի հետ նույն հարթակում հանդես եկան Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի հռչակավոր ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը եւ երգչախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Երեւանի քաղաքապետարանի «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը: Ելույթների այս շքերթը, որով ներկայանում էր Yerevan Classic Fest միջոցառումը, Երեւան քաղաքի բյուջեի համար արժեցավ 339 մլն 986 հազար դրամ՝ գրեթե 877 հազար ԱՄՆ դոլար։ Տվյալները «Ժողովուրդ» օրաթերթը վերցրել է պաշտոնական աղբյուրներից: Համեմատության համար նշենք, որ գարնանը տնկված նոր ծառերի՝ Սակուրայի, Սոսիի, Թխկիի, Թեղիի, Կատալպայի, Սաֆորայի, Ալբիցիայի, Ձիակասկի, Հուդայածառի, Կեյլեթերիայի համար նախատեսվել էր, 148 մլն դրամ՝ գրեթե 382.000 դոլար։ Ստացվում է, որ Երեւանի բյուջեի համար քաղաքի ծառերը կտրելը, էտելը եւ նորը տեղադրելն ավելի էժան է, քան մի քանի օր համերգ կազմակերպելը։ Եվ այստեղ է, որ Երեւանի Կանաչապատում ՀՈԱԿ-ի ղեկավար Բեգոյանի աշխատանքն իր «հմայքով» առաջ է գալիս:

 

 

 

 

ՀՀ փորձաքննությունների կենտրոն ՊՈԱԿ-ում թեեւ բազում աշխատակիցներ կան, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ պաշտոնական կայքում ընդգծված է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի որդու «կերպարը»: Տասնյակ բաժնի պետերի, այլ աշխատակիցների ֆոնին պատգամավորի որդու՝ Էդուարդ Խաչատրյանի լուսանկարն է «զարդարում» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքը: Անշուշտ, սրանք մանրուքներ չեն եւ արտացոլում են որոշ ՔՊ-ականների արագ անցումը բուրժուական կարգավիճակի։ Դե իսկ Արմեն Խաչատրյանը կարկառուն «նախկին» է, «նախկինների թալանի դարբնոց»՝ ՃՈ բարձրաստիճան պաշտոնյա, իսկ հիմա իրեն ազնիվ հռչակած կերպար է դարձել, որի որդու բարեհաջող կարիերայի եւ աշխատավարձի մասին «Ժողովուրդ»-ը ավելի վաղ գրել էր՝ ներկայացնելով Էդուարդ Խաչատրյանի հայտարարագրերը՝ մասնավորապես, որ վերջինս միանձնյա սեփականությամբ հողամաս է գնել, որը գտնվում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում, եւ ձեռք է բերվել 2021 թվականին, սակայն 2022 թվականին օտարվել է 5 մլն դրամով Շանթ Պետրոսյանի կողմից։ Տարեսկզբին պատգամավորի որդին ունեցել է 2 մեքենա՝ Toyota մակնիշի, 2015 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2019 թվականին, եւ 2011 թվականի արտադրության Nissan մակնիշի ավտոմեքենա ձեռք բերված 2021 թվականին։ Տարվա ընթացքում պատգամավորի որդին ձեռք է բերել եւս մեկ մեքենա՝ 2002 թվականի արտադրության Volkswagen, որը նույն տարում օտարվել է 500 հազար դրամով. նույն տարում օտարվել է նաեւ Nissan մակնիշի մեքենան 3 մլն 500 հազար դրամով։ Տպավորություն է, թե Էդուարդ Խաչատրյանը մեքենաների առքուվաճառքի բիզնեսով է զբաղված եղել:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացվել այն մասին, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վարչական գործերով կայացրել է 16 որոշումներ, որոնցով ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջեի միջոցների հաշվին քաղաքացիներին բնակարան ձեռք բերելու համար հասանելիք անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրել: ՀՀ ֆինանսների նախարարությունը, սակայն, ֆինանսավորում չի տրամադրել՝ չկատարելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշման պահանջները: Արդյունքում, իրավապահները սկսել են  քննություն։ «Ժողովուրդ» օրաթերթը  քաղաքացիների կողմից  ֆինանսների նախարարության դեմ ներկայացված հաղորդման գործով դիմեց նախարարություն, սակայն Ֆիննախարարությունից հայտնեցին. «ֆինանսների նախարարությունը նշված վարչական գործերով կայացված դատական ակտերի հասցեատեր չի հանդիսանում: Ավելի մանրամասն պարզաբանումներ ստանալու համար առաջարկում եմ դիմել պաշտպանության նախարարություն»։ Ստացվում է, որ պետական կառույցները միմյանց վրա են գցում  հարցը, իսկ դատարանի որոշումը չի կատարվում, ինչը քրեորեն պատժելի արարք է։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ ՊՆ՝ մեկնաբանության համար սակայն մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները մնացին անպատասխան:

 

 




Լրահոս