«ԵԿԵՂԵՑՈՒ ԿԵՑՎԱԾՔԸ ՉԵՄ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տաղավարում երեկ ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն էր։

 

Խոսել ենք Սրբալույս Մյուռոնի օրհնությանը եւ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը իշխանությանը հրավիրելու, Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահի հանդիպման, ԵՄ-ին անդամակցելու համար կազմակերպված հանրաքվեի եւ այլնի մասին։

 

-Պարո՛ն Հայրիկյան, 12 տարվա վերանորոգումից հետո Մայր տաճարը վերջապես բացեց իր դռները. նախորդ շաբաթ տեղի ունեցան տաճարի Վերաօծման եւ Մյուռոնօրհնեքի սուրբ արարողությունները: Թեեւ թվում է, որ պետք է որեւէ տարակարծություն չլիներ եկեղեցու այս իրադարձության մասով, բայց անգամ սա կռվախնձոր դարձավ քաղաքական տարբեր գործիչների միջեւ: Հիմնական կռիվն այն էր, որ մի մասն ասում էր՝ կաթողիկոսը չպետք է արարողություններին հրավիրեր իշխանությանը, մյուս մասն էլ կարծում էր, որ այս արարողությունները լավ առիթ էին, որպեսզի վերջապես եկեղեցու եւ իշխանությունների միջեւ առկա տարձայնությունները հարթվեն: Ի՞նչ կասեք սրա առնչությամբ, Դուք ներկա եղե՞լ եք միջոցառումներին:

-Ես հրավիրված էի մյուռոնօրհնեքին, որին մասնակցել եմ, մյուսն արդեն ազատ միջոցառում էր: Ինչ վերաբերում է Ձեր նշած խոսակցություններին՝ նույնիսկ տեղեկություն չունեմ: Կեսարինը Կեսարին, Աստծունը Աստծուն. եւ որքան քիչ ես միջամտում այլ գերատեսչության խնդիրներին այդքան ճիշտ ես:

Իսկ ընդհանրապես քրիստոնեական արժեհամակարգի հիմնական դրույթներից մկեն այն է, որ հաշտություն սփռի, եւ նրանք, ովքեր ներողամտության, հաշտության նկատմամբ խիստ են տրամադրված, նրանք առավելեւս պիտի հասկանան, որ իրենք ճիշտ հարցադրումներ չեն կատարում:

-Դուք՝ որպես քաղաքական գործիչ, ի՞նչ եք կարծում, ճի՞շտ էր իշխանություններին հրավիրելը:

-Եկեղեցին պատկանում է բոլորին, իր լույսը սփռում է բոլորի վրա, հետեւաբար ում կուզեր՝ կհրավիրեր: Եթե այս հարցում խորանանք, պիտի հիշենք՝ մեր Տիրոջը երբ հարցնում են, օրինակ, մաքսավորների հետ հանդիպման մասին, նա պատասխանում է՝ իրենց ավելի է պետք: Այսինքն՝ խտրականություն չպետք է դնել բարիք տարածելիս, այնպես որ ես եկեղեցու կեցվածքը չեմ քննադատում:

-Պարո՛ն Հայրիկյան, մի ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ, որ դեռ պատարագը չավարտված՝ իշխանությունները հրապարակավ լքեցին արարողությունը, չսպասեցին անգամ ավարջին, սա ի՞նչ էր, ի՞նչ էին ուզում սրանով ցույց տալ:

-Ես չեմ կարծում, որ այդտեղ հատուկ միտում կար: Գիտեք, որ այս իշխանություններից որեւէ լավ բան դժվար է սպասել, իմ կարծիքն է սա, կարող եմ եւ սխալվել, բայց, ըստ իս, նրանք բացասական ազդեցություն ունեն մեր ազգային հանրային քաղաքական կյանքում, սակայն այս պարագայում հատուկ որեւէ բան կարող ենք չտեսնել: Գուցե պլանավորված գործեր ունեին, գնացին:

-Պարո՛ն Հայրիկյան, նախորդ շաբաթ  եւս մի կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ: Նյու Յորքում հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ թուրքիայի նախագահը: Այս դեպքում մեծ աղմուկ բարձրացրեց լուսանկարը, երբ Փաշինյանը կրծքին էր սեղմել Էրդողանի գիրքը:

-Չեմ կարծում եւս, որ այդտեղ հատուկ միտում կար: Պատկերացնենք՝ գիրք ես ստացել, այդ պահին լուսանկարում են, եւ ժպտում ես. դրա համար չէ որ պետք է քննադատել պետության ղեկավարին, այլ իր ընդհանուր կեցվածքի համար:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը շարունակում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում մնալ։

Նշենք, որ իշխող խմբակցության 71 պատգամավորներից 27-ն է միացել Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին:

Ստորագրություններն արդեն իսկ ներկայացվել են խմբակցության ղեկավար կազմին, վերջիններս էլ առաջիկայում դրանք պետք է ներկայացնեն կուսակցության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության նախաձեռնողը պատգամավոր Արփի Դավոյանն է։ Վերջինս ՔՊ նախաձեռնող նիստերից մեկի ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ դժգոհել է Գրիգոր Մինասյանից եւ նրա պաշտոնանկության հարցն է բարձրացրել:

Նիկոլ Փաշինյանն էլ թիմակիցներին ասել է՝ եթե բավարար չափով ստորագրություններ լինեն, ապա պատրաստ է քննարկել հարցը:

Կուսակցության կանոնադրության համաձայն՝ ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա կարող է դառնալ, եթե 1/3-ը դիմում է ՔՊ ղեկավարին։ 24 ստորագրության առկայության դեպքում իշխող խմբակցության պատգամավորները նախարարին հեռացնելու հարցը քննարկում են Նիկոլ Փաշինյանի հետ, այսինքն՝ պատգամավորները հավաքել են նախարարին հեռացնելու հարցը օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ ստորագրությունները։ Ասել է թե՝ պատգամավորները կատարել են իրենց առջեւ դրված հանձնարարությունը, հիմա գնդակը Փաշինյանի դաշտում է, նա պետք է վերջնական որոշում կայացնի։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը վաղուց է ՔՊ-ի օրակարգում եղել, խմբակցության ֆորմատով դժգոհությունները մի քանի անգամ քննարկվել ու մարել են, իսկ հիմնական պատճառն էլ նախարարի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործոնն է եղել:

Ի դեպ, Գրիգոր Մինասյանը հրաժարվում է մեկնաբանել իր շուրջ բարձրացած այս աղմուկը, իսկ արդարադատության նախարարությունից մեկնաբանություն ստանալու համար գրավոր հարցմամբ են պահանջում դիմել։

 Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 223

2018 թվականի հուլիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Նախկինում կառավարություններ են եղել, որոնք պետական պարտք են ավելացրել՝ թոշակ բարձրացնելու համար, մենք այդ տրամաբանությամբ չենք առաջնորդվում»:

Մինչդեռ իրականում Հայաստանի պետական պարտքը հատել է 12 մլրդ-ի շեմը։

2021 թվականի փետրվարի 9-ին Ազգային ժողովի ամբիոնից անդրադառնալով ընդդիմադիրների՝ պարտք վերցնելու համար քննադատությանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց. «Եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկում է պարտք չվերցնել, ապա պետք է ցույց տա այն ճանապարհը, թե ինչպես պետք է թոշակ ու աշխատավարձ վճարենք մարդկանց»։

Այսինքն՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Հայաստանում կենսաթոշակն ու աշխատավարձը վճարվում են պետական պարտքի ավելացման հաշվին։ Փաշինյանը նորից խաբեց:

Շարունակությանը կարող եք հետեւել ArmLur.am լրատվականում:

 




Լրահոս