Հոլանդական NOS հանրային հեռարձակողը «Պատմության միտումնավոր ջնջում» խորագրով հոդված է հրապարակել օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։
«Մեկ տարի անց այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր փախան Լեռնային Ղարաբաղի անկլավից՝ վախենալով էթնիկ զտումներից, նրանց նախկին ներկայության ապացույցները գնալով դառնում են պակաս տեսանելի», – ասվում է հոդվածում։
NOS-ի կողմից հաստատված արբանյակային լուսանկարների համաձայն՝ հիմնովին ավերվել են բազմաթիվ հուշարձաններ, շենքեր, գերեզմանատներ եւ նույնիսկ ամբողջ գյուղեր։
Ուտրեխտի համալսարանի ժառանգության հարցերով պրոֆեսոր Գերջան Պլեցը նշել է, որ պատերազմից հետո ադրբեջանցիները տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղ, եւ շինությունները մեկը մյուսի հետեւից քանդվում են: Այս գործընթացը սկսվել է ավելի վաղ՝ 2020 թվականին, երբ Ադրբեջանը վեցշաբաթյա պատերազմից հետո գրավել էր տարածքի մի մասը։ Ըստ տվյալների հավաքմամբ զբաղվող ACLED նախագծի՝ 2021 թվականից ի վեր գրանցվել է էթնիկ հայերի պատմական, կրոնական, քաղաքական կառույցների եւ բնակության վայրերի ոչնչացման մոտ ութսուն դեպք։ 2023 թվականի սեպտեմբերից այս ցուցանիշը միայն աճել է։ Մշակութային ժառանգության այս ոչնչացումը նշանակում է, որ հայկական մշակույթը դանդաղ, բայց անհետանում է այս տարածաշրջանից։
«Մշակութային ժառանգության ավերումը հակառակորդի պատմությունը միտումնավոր ջնջելու միջոց է», – նշել է Պլեցը:
Հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ավերածությունները ոչ միայն երեւում են արբանյակային լուսանկարներով, այլեւ արձանագրվել են ադրբեջանցի զինվորների կողմից։ Տեսանյութերից մեկում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մտնում հայկական եկեղեցի եւ ավերածություններ պատճառում:
«Մշակութային ժառանգությունն օգտագործվում է նաեւ հողի իրավունքն օրինականացնելու համար: Այն ոչնչացնելով՝ դուք էթնիկ մի խմբին զրկում եք իրենց պատմական արմատներից այդ վայրում», – հավելել է Պլեցը:
Ինչպես նշում է NOS-ը, քանդելով այս տարածքում դարեր շարունակ կանգուն եղած կառույցները՝ պատմության մի մասը ջնջվում է:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԿԱՐՍ-ԳՅՈՒՄՐԻ ԵՐԿԱԹԳԻԾԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՐՊԱՍ ԴԱՌՆԱԼ
Հայկական կողմն ուրախ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայով, սակայն կարծում է, որ շատ ավելին կարելի է անել այդ ուղղությամբ:
Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը թուրքական Anadolu լրատվական գործակալությանը:
Լրատվական գործակալությունը նշում է, որ Կոստանյանի այս դիրքորոշումը հաջորդում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Նյու Յորքում կայացած հանդիպմանը:
«Մենք ուրախ ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայով, բայց մենք հավատում ենք, որ շատ ավելին կարելի է անել՝ հատկապես, երբ խոսքը հարաբերությունների լիարժեք կարգավորման, սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է»,- ասել է Վահան Կոստանյանը:
Կոստանյանը Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպումը գնահատել է բավականին դրական քայլ՝ նկատելով, որ երկու երկրների ղեկավարները միմյանց դիրքորոշումները հասկանալու պատրաստակամություն են ցուցաբերել:
ԱԳ փոխնախարարը հիշեցրել է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության մասին, որը ձեռք էր բերվել 2022 թվականի հուլիսին Վիեննայում:
«Մենք եւս մեկ անգամ վերահաստատել ենք, որ հայկական կողմը պատրաստ է: Մենք կատարել ենք անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքային եւ տեխնիկական նախապատրաստական աշխատանքները, եւ մենք պատրաստ ենք անցնել պայմանավորվածության իրականացմանը»,- ասել է հայ փոխնախարարը:
Ըստ Andolu-ի՝ Կոստանյանը լավատեսություն է հայտնել ապագա համագործակցության վերաբերյալ, մասնավորապես Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հարցում: Նրա կարծիքով՝ դա տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն Հայաստանին եւ Թուրքիային, այլ նաեւ ավելի լայն տարածաշրջանին։
«Մենք գիտենք, որ լոգիստիկ շղթաներից շատերը ներկայումս արգելափակված են կամ պատշաճ չեն գործում, եւ Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար՝ դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, դեպի Չինաստան», – ասել է նա՝ հավելելով, որ շատ ավելին կարելի է անել, եւ դա կարելի է անել ավելի արագ:
Նա կրկնել է հայկական կողմի ուղերձը, որը փորձում են հասցնել թուրք տարբեր գործընկերներն. «Գործելու ժամանակը հիմա է: Մենք չպետք է ժամանակ կորցնենք»:
ՀՀ-ԻՐԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
«Այս առեւտրի կենտրոնը ամենախոշոր կենտրոնն է աշխարհում եւ սա վկայում է Իրանի եւ Հայաստանի միջեւ եղող բարեկամական խոր հարաբերությունների մասին»։ Այս մասին Հայաստանում իրանական առաջին եւ ամենամեծ առեւտրի կենտրոնի բացման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Իրանի եւ ՀՀ-ի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը թռիչքային աճ են գրանցել, հուսով եմ, որ այս կենտրոնի բացումն էլ ավելի կնպաստի դրան։ Վճռական ենք բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնել»,- ասաց դեսպանը։
Դեսպանը շեշտեց. «Քաղաքական հզոր կամք է առկա 2 երկրների ղեկավարների դեպքում էլ՝ զարգացնելու երկրների միջեւ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում»։
ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 30-ին հրավիրել է ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների արտակարգ հանդիպում տեսակոնֆերանսի ձեւաչափով՝ քննարկելու Մերձավոր Արեւելքում ստեղծված իրադրությունը։
Bloomberg-ը, վկայակոչելով Բորելի գրասենյակի տարածած հայտարարությունը, հաղորդում է, որ ԱԳ նախարարները կքննարկեն նաեւ Լիբանանում, այդ թվում՝ Բեյրութում Իսրայելի իրականացրած ավիահարվածները, «Հըզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահի սպանությունը։
ԻՍՐԱՅԵԼ-ԼԻԲԱՆԱՆ. ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ
Ասիայում կրքերը չեն հանդարտվում, պատերազմի արկերը չեն դադարում պայթելուց։
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել մի շարք թիրախների Լիբանանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ երկրի արեւելքում գտնվող Բեքքայի հովտում: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։
Ըստ Telegram-ում տարածված հայտարարության՝ ռմբակոծվում են Բեքքաայի հովտում շիաների «Հըզբոլահ» կազմակերպությանը պատկանող օբյեկտները։ Իր հերթին Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել է, որ ավելի քան 10 մարդ է զոհվել Բեքքայի հովտի Հերմել քաղաքում իսրայելական ավիահարվածներից։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ կան մեծ թվով վիրավորներ։
Մեկ այլ հայտարարության համաձայն՝ կործանիչ ինքնաթիռները Լիբանանի տարածքում «Հըզբոլահ»-ին պատկանող տասնյակ թիրախների են հարվածել, այդ թվում՝ «արձակման կայանքների, որոնց նշանառության տակ էր Իսրայելի տարածքը, շենքերի, որտեղ պահվում էին զենքեր, եւ ահաբեկչական ենթակառուցվածքների»։
Ըստ Լիբանանի իշխանությունների՝ սեպտեմբերի 29-ին իսրայելական ավիահարվածներից առնվազն 105 մարդ է զոհվել։ Իսկ ընդհանուր առմամբ, վերջին օրերին զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է։ Ըստ Լիբանանի կառավարության՝ տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։
«Իսրայելի հարձակումների պատճառով փախստականների թիվը կարող է հասնել 500 հազարի», – ասել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին։
Լիբանանի տարածքի ռմբակոծությունների մեկնարկից օրեր անց իսրայելցիները բաց տեքստով հայտարարում են՝ օդային հարվածներին հետեւելու է ցամաքային հարձակումը։
Այս մասին նախօրեին, առաջնագիծ կատարած այցի ժամանակ, հայտարարում էր Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալեւին։