ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, պարզվում է, իր մտերիմ շրջապատում մականուն ունի:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Էրեբունի վարչական շրջանի՝ իր բնակության վայրի հարակից տարածքներում, մտերիմ շրջապատում Դավիթ Առաքելյանին «ձուկ» մականունով են դիմում: Նրա արդեն նախկին ընկերներից մի քանիսը պատմեցին, որ բոլորը գիտեն, թե Դավիթին ինչպես են դիմում, եւ ինքն էլ վաղուց վատ չի զգում իր մականվան համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել է Դավիթ Առաքելյանին եւ հետաքրքրվել՝ ինչի հետեւանքով է այդ մականունն առաջացել, ում կողմից, ինչու են իրեն այդպես բնորոշում եւ ինչպես է վերաբերվում մականվանը:
ԱԺ աշխատակազմի ղեկավարը, սակայն, ո’չ հաստատել, ո’չ էլ հերքել է տեղեկությունը:
Ի պատասխան մեր հարցման՝ ԱԺ աշխատակազմից գրել են. ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում, քանի որ ուղղված չէ տեղեկություն հանդիսացող որեւէ տվյալի ստացմանը»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին էլ «մուկ» մականունով էին դիմում, եւ ինքը՝ Աբրահամյանը, տարիներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ իր տատն է իրեն «մուկ» ասել, քանի որ փոքր ժամանակ կոնֆետները թաքուն, «մկան նման կերել է»:
Սակայն Դավիթ Առաքելյանի դեպքում «ձուկ» մականվան մանրամասները պարզել չկարողացանք:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, ով աչքի է ընկնում ուժային կառույցների ղեկավարների հետ իր մտերմությամբ եւ ԱԺ-ում անթաքույց նրանց ուղեկցում է տարբեր սենյակներ, դրա համար պատճառներ ունի. տարիներ շարունակ նա մի քրեական վարույթով որպես վկա է անցնում:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներց տեղեկացավ, որ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագրում ԱԺ իշխանական պատգամավորը անշարժ գույք չի հայտարարագրել:
Արփի Դավոյանը, որպես տրանսպորտային միջոց, հայտարարագրել է 2011 թվականի արտադրության Hyundai մակնիշի ավտոմեքենա, որը գնման եղանակով ձեռք է բերել պատգամավոր դառնալուց հետո՝ 2021 թվականին, եւ մինչ օրս վարում է: Նրա՝ հաշվետու տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 25 մլն 197 հազար դրամ, որը տարվա վերջում զրոյացվել է:
Արփի Դավոյանի՝ հաշվետու տարվա ընթացքում վերադարձված փոխառության գումարը կազմել է 28 մլն 360 հազար դրամ, որը կրկին զրոյացվել է տարվա վերջում: Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդներից մեկը կազմել է 865 հազար դրամ, որը հաշվետու տարվա վերջում դարձել է 3 մլն 995 հազար դրամ, իսկ մյուսը զրոյական վիճակից դարձել է 1 մլն 458 հազար դրամ:
Որպես կանխիկ գումար ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է 1 մլն 200 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 58 հազար դրամ:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 71 մլն 479 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ 7 անգամով ավելի է (2023 թվականի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 10 մլն 55 հազար դրամ), որից 9 մլն 995 հազար դրամը Ազգային ժողովից ստացված աշխատավարձն է, 56 մլն 63 հազար դրամը՝ գույքային իրավունքներից ստացված եկամուտը, 2 մլն 421 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից փոխանցում է եղել, իսկ 3 մլն դրամը՝ «ԱԿԲԱ» բանկից:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետեւյալ բովանդակությամբ. «2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է»:
Մեր հարցմանն ի պատասխան՝ գրել էին. «ՀՀ ՊԵԿ քննչական վարույթում քննված քրեական վարույթով Արփինե Դավոյանը հարցաքննվել է որպես վկա»։
Այսինքն՝ տարիներ շարունակ Արփի Դավոյանը որպես վկա է մնացել գործով, իսկ եթե նա լիներ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսը՝ վաղուց մեղադրյալ էր դարձել:
2020 թվականին՝ «Քովիդի» շրջանում, ենթադրյալ չարաշահումների գործով հակակոռուպցիոն դատարանում սկսվել է վկաների հարցաքննության փուլը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում դատարան հարցաքննության կհրավիրվի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով այս չարաշահումների գործով վկայի կարգավիճակով մեկ անգամ արդեն հարցաքննվել է: Կորոնավիրուսի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով անցնողները առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը եւ այլ անձինք են: Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները: 2020-2022 թվականներին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գեւորգ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Երեւանի փոխքաղաքապետը կալանքի տակ էր շուրջ երկու ամիս, որից հետո ազատ արձակվեց։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ջանքերի «շնորհիվ» արդարադատության նախարարությունում հրաժարականների շարքը շարունակվում է: Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Սեպտեմբերի 26-ին հրաժարական էր տվել երկրոդ նախագահի «գիրքը գրկած» ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանը: Դատելով իրավիճակից՝ հաջորդ պաշտոնյան, որը կրկին ՔՊ-ի ջանքերով հրաժարական կտա, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն է լինելու: Բանն այն է, որ մարտի 26-ին Ազգային ժողովում ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, արդեն հրաժարական տված նախարար Գրիգոր Մինասյանին ասել էր. «Երբ մեր գործընկեր Սերգեյ Ատոմյանը նշանակվում էր ՔԿԾ տնօրեն, մենք մտածում էինք, որ սկսում ենք բարեփոխումների մի լայնածավալ գործընթաց, բայց երբ Ամբակում Գրիգորյանը նշանակվեց խորհրդական, ինձ մոտ մեծ զարմանք առաջացավ այն առումով, որ ես, լինելով փաստահավաք խմբի անդամ, շատ լավ գիտեի, թե քննչական խումբը ինչ գործունեություն է ծավալել «Մարտի 1»-ի գործերով, եւ տվյալ քննիչը, որը Վահագն Հարությունյանի ամենակարեւոր քննիչներից մեկն է եղել, խորհրդականից դարձավ տեղակալ, հետո արդեն ծառայության ղեկավար, ընդ որում՝ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մինչեւ հիմա շարունակում է «փախած» մնալ՝ ՀՀ-ից դուրս է: Հիմա դրանով մենք «Մարտի 1-ի» էջը փակո՞ւմ ենք, թե՞ բաց է. եթե բաց է, այդ դեպքում բոլոր քննիչները, որոնք այս գործերով մասնակցություն են ունեցել, պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումներից առաջ»: Ու չի բացառվում, որ Անդրանիկ Քոչարյանի «թեթեւ ձեռքով» հաջորդը հրաժարական տա Ամբակում Գրիգորյանը, քանի որ, ինչպես տեղեկացրել էինք, Անդրանիկ Քոչարյանն է հանձնարարել Արփի Դավոյանին նախաձեռնել Գրիգոր Մինասյանի հրաժարականի ստորագրահավաքը խմբակցության ներսում, որն էլ իր ընկերուհի Լուսինե Բադալյանի հետ սկսել էր այն: Արդյունքում Գրիգոր Մինասյանը, չսպասելով պրոցեսների զարգացմանը, երեկ ինքնակամ դիմում գրեց ու հեռացավ: