Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության շուրջ ՔՊ-ում նոր խմորումներ էին տեղի ունենում։
ՔՊ խմբակցության պատգամավորները սկսել էին ստորագրահավաք իրականացնել՝ Գրիգոր Մինասյանին հեռացնելու համար, սակայն 71 պատգամավորներից 27-ն էր միայն միացել նախաձեռնությանը։ Ավելի վաղ հայտնել էինք նաեւ, որ Գրիգոր Մինասյանի դեմ այս արշավի կազմակերպիչն է ՔՊ-ական Արփի Դավոյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ Մինասյանի դեմ դավեր նյութողների թվում էր նաեւ Լուսինե Բադալյանը՝ Լուլուն։ Արփի Դավոյան-Լուսինե Բադալյան-Անդրանիկ Քոչարյան եռյակը կուսակցության դռնփակ նիստերից մեկի ժամանակ հրապարակավ բողոքել էր, որ դժգոհ է նախարար Գրիգոր Մինասյանի աշխատանքից, քանի որ նա Միքայել Մինասյանի եղբայրն է, եւ հայտարարել էին, որ այդ պատճառով էլ նրա պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են սկսելու։ Բայց, արի ու տես, որ ուրբաթը շաբաթից շուտ եկավ ու երեկ առավոտյան Գրիգոր Մինասյանն ինքնակամ որոշեց հրաժարակի դիմում ներկայացնել ՀՀ վարչապետին:
«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը:
Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ»,- իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր Մինասյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հաջորդ պաշտոնանկությունը սպասվում է ԲԴԽ-ում: Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական կներկայացնի, քանի որ նրա դեմ եւս իշխանության ներսում դավեր են նյութում: Մենք դիմեցինք մամուլի պատասխանատուին, որտեղից արձագանքեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որեւէ առնչություն չունի կառավարության որեւէ անդամի պաշտանավորման կամ քաղաքական գործընթացների հետ:
«Կարեն Անդրեասյանը որեւէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:
Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչեւ իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը` 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԿԵԼ Է ԴԱՏԱՐԱՆԻ ԴՌՆԵՐԸ
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին եւ պահանջում է, որ որոշումն անվավեր ճանաչեն:
Իսկ ինչու է նա ընկել դատարանի դռները:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին ենթարկել է վարչական պատասխանատվության 300 հազ. դրամի չափով՝ շահերի բախմանն առնչվող գործողություններ կատարելու համար։
Վարչական պատասխանատվության հիմք է հանդիսացել «Հետքի»՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերնագրով հոդվածը։
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես էր սկսել: Այդ նպատակով գործընկերների օգնությամբ ձեռք է բերվել համայնքային հողատարածք եւ, չսպասելով թույլտվություններին, հողային եւ բետոնացման աշխատանքներ են կատարվել:
Փոքր առանձնատները կառուցվում են քաղաքի Տերյան փողոցի մարզադպրոցի հարեւանությամբ: Այնտեղ շինարարությունը եռում է: Մի հատվածում բետոնացման աշխատանքներ են կատարվում, մյուս հատվածում՝ հողային: «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի:
«Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը: Ընկերությունը ստեղծվել է 2023 թ. հուլիսի 17-ին: Ռուզաննա Ասատրյանը «Նարե Պլյուս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենն է:
Դիանա Գասպարյանը 2023 թ. նոյեմբերի 24-ին, նոյեմբերի 28-ին եւ դեկտեմբերի 13-ին «Նարե պլյուս» ՍՊԸ-ի տնօրենին, որն իր սկեսուրն է, տվել է շինարարության 20 թույլտվություն։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիտարկմամբ՝ համայնքի ղեկավարը 10-օրյա ժամկետում գրավոր հայտարարություն չի ներկայացրել հանձնաժողով՝ շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին։ Այդպիսով չի կատարել օրենքի պահանջը։
Դիանա Գասպարյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին դիրքորոշում է ներկայացրել, որ Ռուզաննա Ասատրյանն իր ամուսնու մայրն է։ Վերջինիս հետ համատեղ չի բնակվում, վարում է առանձին տնտեսություն եւ իր հետ փոխկապակցված անձ չի հանդիսացել, ուստի չէր կարող առաջանալ ենթադրվող շահերի բախումը։ Բացի այդ, հայտնել է, որ որոշումները կայացնելիս չի առաջնորդվել անձնական կամ մասնավոր շահով եւ որեւէ նպատակ չի ունեցել առավելություն կամ արտոնություն ձեւավորելու իր կամ իր ընտանիքի անդամի նկատմամբ։
Դիանա Գասպարյանը նաեւ մի շարք պատճառաբանություններ է ներկայացրել, որ իր գործողությունները կատարել է բարեվարքության սկզբունքից ելնելով եւ հանուն հանրային շահի։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիմնավոր չի համարել Դիանա Գասպարյանի դիրքորոշումը եւ նրան ենթարկել է վարչական պատասխանատվության՝ արձանագրելով շահերի բախմանն առնչվող իրավահարաբերությունը, որով խախտվել է օրենքը։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ