«ԱԽՈՒՐՅԱՆ ՇՈՒՐՋՊԱՐ»-Ը՝ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» մեծամասշտաբ տոնակատարությունը: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

 

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ նախօրեին հյուրընկալել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին եւ Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ, պարուսույց, «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են «Ախուրյան շուրջպար» տոնակատարության կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։

Շիրակի մարզպետը կարեւորել է այդօրինակ միջոցառման անցկացման գաղափարը` նշելով, որ մեծամասշտաբ միջոցառումը կվկայի միասնականության, համախմբվածության ու հայրենասիրության մասին` համայնքում ավանդական պար ունենալը համարելով կարեւոր իրադարձություն:

Մուշեղ Մուրադյանը հավաստել է, որ մարզպետի աշխատակազմը կանի հնարավորը լիազորությունների շրջանակում միջոցառումը պատշաճ կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով` առանձնահատուկ կարեւորելով բոլոր ծառայությունների համագործակցված աշխատանքը դեպքերից ու խնդիրներից զերծ մնալու համար։

Զավեն Մանուկյանը նշել է, որ «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը համայնքի համար տարվա ամենամեծ միջոցառումն է լինելու, եւ իրենք եւս ամեն ինչ անում են միջոցառումը բարձր որակով իրականացնելու համար:

Լիպարիտ Մարկոսյանը տեղեկացրել է, որ նախաձեռնող խումբը արդեն շրջել է Ախուրյան համայնքի բնակավայրերում եւ 700-ից ավելի ախուրյանցիների անվճար ուսուցանել են պարը:

«Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Մարմաշեն վանական համալիրի տարածքում:

Շուրջպարին միանալու է 12 տարեկանից բարձր շուրջ երկու հազար մասնակից՝ պարելով նոր մշակված «Ախուրյան» ավանդական պարը։

Պար ունենալու մտահղացումը Ախուրյանի բնակիչ Մելիք Խաչատրյանինն է եղել, ով գաղափարն իրականացնելու համար դիմել է Լիպարիտ Մարկոսյանին, վերջինս էլ նախաձեռնել է պարի բեմադրության բոլոր հարցերը:

Պարը վերամշակել է Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գեւորգյանը:

Հ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

Yerevanilla.am ՖԻԼՄԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Երեւանի մասին պատմող Yerevanilla.am ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Ֆիլմն արդեն իսկ հայաստանյան կինովարձույթում է։

Երեւանի մասին պատմող կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի ալմանախը հինգ ռեժիսորների աշխատանք է: Այն միահյուսում է մայրաքաղաքի խնդիրներն ու կոլորիտը եւ պատմում քաղաքի՝ բնակիչներին ուղղված սիրո մասին:

Նախագիծն իրականացվել է Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

«Մեր ժամանակների Երեւանի, երեւանցիների ու մայրաքաղաքի հին ու նոր բնակիչների մասին պատմող ֆիլմաշարը, վստահ եմ, կգրավի կինոսեր հանրության ուշադրությունը` ասելիքի թարմությամբ, անսպասելի լուծումներով եւ, իհարկե, կյանքի պարզ ու առօրեական դրվագները երեւանյան ջերմ ու զգացմունքառատ խորապատկերում նրբանկատորեն վերհանելու` ֆիլմաշարի հեղինակների, ռեժիսորների, ստեղծագործական ողջ թիմի հաջողված աշխատանքի շնորհիվ»,- ֆիլմի մասին նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։

Ռեժիսորներ՝ Թամարա Աբաջյան, Գեւորգ Շարամբեյան, Սերժ Գաբյան, Արամ Շահբազյան, Վահան Գրիգորյան։ Պրոդյուսեր՝ Էդգար Բաղդասարյան։

Դերերում՝ Նատալյա Եփրիկյան, Արուսիկ Տիգրանյան, Արամ Կարախանյան, Արթուր Մանուկյան, Անդրանիկ Աբրահամյան եւ այլք։

Հավելենք, որ ֆիլմն ունեցել է հատուկ ցուցադրություն՝ «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային երեւանյան կինոփառատոնի շրջանակում։

 

 

 




Լրահոս