ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիբանանում իրավիճակը լարված է․ 1 միլիոնից ավել մարդ է տարհանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիշերը մերձավոր Արևելքում կրկին լարված է անցել։ Իսրայելը գիշերը շարունակել է ավիահարվածները Լիբանանի մայրաքաղաքում՝ թիրախավորելով «Հըզբոլլահ»-ին։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Լիբանանի հարավում ութ զինվոր է զոհվել։ Բոլոր սպանվածները 21-ից 23 տարեկան են։

Իսրայելական բանակն այսպիսով հաղորդում է հոկտեմբերի 1-ին իրանամետ «Հըզբոլլահ» խմբավորման դեմ ցամաքային գործողությունների մեկնարկից հետո իր առաջին կորուստների մասին։

Al Jazzera-ն հայտնում է, որ մի շարք երկրներ տարհանել են իրենց քաղաքացիներին Լիբանանից, քանի որ Իսրայելը ուժեղացնում է օդային հարվածները և ցամաքային ներխուժում է սկսել այդ երկիր։ Վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 1 միլիոն մարդ լքել է իր տունը։

Ռմբակոծության հետևանքով Բեյրութի միջազգային օդանավակայանի մերձակայքում ուժգին պայթյուններ են տեղի ունեցել․ այս մասին հաղորդում է BBC-ն։

Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ էր թիրախավորում Իսրայելը, սակայն օդանավակայանը գտնվում է Բեյրութի հարավային Դահիե արվարձանի մոտ, որտեղ «Հեզբոլլահ»-ը մեծ ներկայություն ունի։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ցամաքային և օդային հարձակումների հետևանքով զոհվել է 37 մարդ, 151 մարդ վիրավորվել է։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը ևս քսան գյուղերի բնակիչների հրահանգել էր տարհանվել Լիբանանի հարավից։

Հիշեցնենք, որ Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Միքայելյան




Լրահոս