ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարեն Անդրեասյանը կարդում է Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի հեռացման որոշումը. դատավորի արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանին հեռացնել համակարգից։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր․ «Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Վահե Միսակյանի կարգապահական վարույթի շուրջ կրքերը թեժ են ԲԴԽ-ում։ Ինչպես հայտնի է՝ դատավորի կարգապահականի վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվեր սեպտեմբերի 30-ին` երկուշաբթի, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշման հրապարակումը ԲԴԽ-ն հետաձգեց եւ նշանակեց հոկտեմբերի 4-ին։

Դատական համակարգում խոսակցություններ են պտտվում, որ հետաձգման պատճառներից մեկն այն է, որ դատավորի հարցի շուրջ ԲԴԽ-ում թեժ խոսակցություններ են եղել, ու հնարավոր չի եղել որոշում կայացնել: Շատ դատավորների խոսակցություններ են հասել, որ որոշման հետաձգումը կապված է եղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկեր Գրիգոր Մինասյանի շուրջ ծավալված դեպքերի հետ, ու ԲԴԽ-ն վճռել է որոշումը հրապարակել ավելի ուշ` սպասելով, թե ինչպես կվարվի քաղաքական իշխանությունը Գրիգոր Մինասյանի հետ։

Արդյունքում, Մինասյանը լքեց համակարգը։ Եվ ահա դատական համակարգում այն կարծիքին են, որ անկախ արդարադատության ոլորտում առկա քաոսից` ԲԴԽ-ն կդադարեցնի Միսակյանի լիազորությունները՝ ցույց տալով իր հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին։

Ինչպես հայտնի է՝ այս տարվա ընթացքում երկրորդ անգամ է դատավոր Միսակյանի դեմ կարգապահական վարույթ հարուցվում։ Առաջին անգամ այս տարվա ապրիլի 24-ին Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին հայտարարվեց խիստ նկատողություն:

Ըստ դատախազության հաղորդման՝ Վազգեն Մանուկյանի գործով, իբրեւ թե, դատավարական ժամկետների խախտում կար:

Դատելով իրավիճակից՝ երկրորդ վարույթը ճակատագրական ավարտ կունենա դատավորի համար:

Հավելենք, որ Վահե Միսակյանը Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս