Ֆրանսիան մտադիր է մինչև ամսվա վերջ կազմակերպել միջազգային համաժողով՝ ի աջակցություն Լիբանանի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք համերաշխություն հայտնեցինք Լիբանանին, միաձայն կոչ արեցինք անհապաղ և կայուն հրադադարի մասին և հայտարարեցինք տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու մեր հանձնառության մասին: Մենք ցանկանում ենք խաղաղություն և անվտանգություն բոլորի համար», – ասել է նա։
Պետության ղեկավարը լրագրողներին վստահեցրել է, որ Փարիզը կապ է պահպանում «բոլոր հիմնական խաղացողների հետ» և հիշեցրել, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն այս շաբաթավերջին մեկնել է Մերձավոր Արևելքի երկրներ։ Մակրոնը կարծում է, որ առաջնահերթությունները զինադադարի ապահովումն ու հումանիտար օգնության տրամադրումն են, այս համատեքստում նա ավելացրել է, որ չնայած շարունակվող բախումներին, Ֆրանսիան մի քանի օր առաջ մարդասիրական օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան։