«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Պոզով-պոչով կոռուպցիան ՀՀ Ազգային ժողովում բույն է դրել ու զարգանում է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ԱԺ «Ամառային դպրոցի» շրջանակում նախապես պլանավորել են խարույկի շուրջ զրույց կազմակերպել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ աշակերտների միջեւ: Պետբյուջեի միջոցներից վարձակալել են պուֆեր (փափկաթոռներ) եւ այլ պարագաներ, սակայն միջոցառումը չի կայացել. իսկ «Ամառային դպրոցի» կազմակերպումը ԱԺ աշխատակազմի ղեկավարը վստահել է Երեւանի քաղաքապետարանին ավտոմեքենայի մաս վաճառած ընկերությանը։
«Ամառային դպրոցի» անցկացման համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը պայմանագիր է կնքել «Լոռե թրավել» ՍՊԸ-ի հետ, որն արժեցել է 22 մլն 80 հազար դրամ՝ գրեթե 56 հազար դոլար, որով սահմանված են եղել հստակ պահանջներ։ Նկատենք՝ «Լոռե թրավել» ՍՊԸ-ն, կարծես թե, իշխանության սիրելի մատակարարներից մեկն է։ ՍՊԸ-ն 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կնքել է 6 պայմանագիր Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ վիճակագրական կոմիտեի, Ազգային ժողովի եւ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 45 մլն դրամ։ Ընկերությունն իշխանություններին հիմնականում միջոցառման կազմակերպման ծառայություններ է մատուցում։
«Լոռե թրավել» ՍՊԸ-ն պատկանում է տնտեսական գործունեության «ցամաքային այլ մարդատար տրանսպորտի գործունեություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում» դասիչին։ Տնտեսական գործունեության տեսակը չի ենթադրում սեմինարների կազմակերպման ծառայություններ, գուցե սա ՊԵԿ-ի կողմից բացթողում է, կամ ոչ։
Ինչեւէ, «Լոռե թրավել» ՍՊԸ-ն, պարզվում է, նաեւ մեքենաների մասերի վաճառքով է զբաղվում։ 2024 թվականի հունիսի 12-ին մեկ անձից գնման եղանակով Երեւանի քաղաքապետարանը նշված ընկերությունից ձեռք է բերել ավտոմասեր։
Իսկ հիմա կոնկրետ գումարների վատնման նմանվող գործընթացի նկարագրությունը. «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ պայմանագրով նախատեսված է եղել ՀՀ ԱԺ բակային տարածքում խարույկի կազմակերպում իրականացնել՝ ներառյալ խարույկ կազմակերպելու համար բոլոր անհրաժեշտ պարագաներն ու 70 պուֆ բազկաթոռները (60 երեխայի համար 70 պուֆ էին վարձակալել)։ ԱԺ հրապարակումներում «Ամառային դպրոցի» 2 շաբաթների ընթացքում խարույկային երեկոներ այդպես էլ չլուսաբանվեցին:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից ասել են. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումն ի սկզբանե ծրագրված էր 1 ժամ, սակայն մասնակիցների հարցերը շատ էին, հետեւաբար, հանդիպումը նախատեսվածից երկար տեւեց՝ մոտավորապես 3 ժամ։ Հաշվի առնելով ուշ ժամը՝ նպատակահարմար չէր խարույկի կազմակերպումը»: Ստացվում է, որ Ազգային ժողովի աշխատակազմի համար մեկ է, թե պայմանագրով ինչ պարտավորություններ ունեն. նպատակահարմարությանն են նայել ու չեն արել նախատեսված միջոցառումը։ Իսկ ով պետք է պատասխան տա ծախսված գումարների եւ ոչ պետքական գնումների համար՝ անհասկանալի է մնում:
Բացի սրանից, չկատարված ու չմատուցված ծառայության համար պետության բյուջեից փոխանցված գումարներն անգամ հետ չեն գանձվել ծառայության մատակարարից. փաստաթղթերում ոչինչ չկա այդ մասին։
Բացի դրանից, ֆինանսական հատկացումները հաշվելիս «Ամառային դպրոցի» ծախսը ամենեւին չի կազմում գրեթե 56 հազար դոլար, ավելին՝ նախորդ տարի նույն ծրագրի՝ ՀՀ Ազգային ժողովի 2023 թվականի կարիքների համար «Ամառային դպրոցի» հյուրանոցային ծառայությունների ձեռքբերման համար իրականացվել է շատ ավելի քիչ ծախս՝ 7 մլն 836 հազար դրամ. իսկ ի՞նչ է սա, եթե ոչ բյուջեի վատնում, կամ Փաշինյանի սիրած՝ «պոզ ու պոչով կոռուպցիան»»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: